Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԱՐԲԵԼ

Հունիս 03,2009 00:00

Տնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ ավելի շատ են սկսել ոգելից խմիչքներ օգտագործել, ինչով էլ, թերեւս, պայմանավորված է այն, որ հատկապես գինու եւ օղու սպառման ծավալները չեն կրճատվել: Այս կարծիքին է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ըստ Ա. Հարությունյանի, «ճգնաժամը ստիպեց, որ մարդկանց մեծամասնությունը թանկ ռեստորաններից տեղափոխվի էժան ռեստորաններ, իսկ այնտեղից էլ՝ գնային առումով համեմատաբար ավելի մատչելի վայրեր: Սրան զուգահեռ էլ, մարդիկ թանկ խմիչքների փոխարեն սկսեցին նախընտրել էժանները»: Պարոն Հարությունյանի ներկայացմամբ, Հայաստանում հունվար-փետրվար ամիսներին ոգելից խմիչքների շուկայում առեւտուր գրեթե չի եղել, մարտ-ապրիլից շուկան փոքր-ինչ աշխուժացել է, սակայն այն էականորեն չի անդրադարձել գինու կամ օղու արտադրության ծավալների վրա. «Մի քանի ընկերությունների օրինակով կարող եմ ասել, որ վաճառքի ծավալները ավելացել են, բայց եկամուտները՝ ոչ: Այսինքն՝ նախկինում արտադրվող շշերի քանակը չի պակասել, բայց դրանք հիմնականում էժան խմիչքներ են»:

Ինչ վերաբերում է կոնյակի արտադրության ծավալների անկմանը, ապա, ըստ Ա. Հարությունյանի, առաջին հերթին պատճառն այն է, որ արտերկրի շուկաներում կտրուկ նվազել է կոնյակի պահանջարկը, բացի այդ, կտրուկ նվազել է նաեւ կոնյակի սպառումը ներքին շուկայում. «Հայաստանից մեկնող յուրաքանչյուր մարդ իր հետ որպես նվեր կոնյակ էր տանում, հիմա նվազել են նաեւ այդ կարգի գնումները»:

Նշենք, որ Հայաստանում տարեսկզբից կոնյակի արտադրությունը կրճատվել է ավելի քան 45%-ով: Իսկ նշված ժամանակահատվածում այլ ոգելից խմիչքների արտադրությունն անհամեմատ ավելացել է: Մասնավորապես, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, օղու արտադրությունը Հայաստանում ավելացել է 3,7, իսկ գինունը՝ 0,3 %-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել