Քաղաքացիները պնդում են, որ մայիսի 31-ին՝ ընտրությունների օրը, իրենց չի հաջողվել ներկայացում դիտել
Ինչպես «Առավոտի» երեկվա համարում էինք նշել, ՀՀ որոշ քաղաքացիներ «Առավոտին» դժգոհություն էին հայտնել, որ մայիսի 31-ին՝ ընտրությունների օրը, երեւանյան թատրոններն իրենց փաստի առաջ են կանգնեցրել: Մեզ դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ իրենք ժամանել են ներկայացումը դիտելու, սակայն պարզվել է, որ տվյալ ներկայացումը հետաձգվել է: Իսկ դրամարկղում նրանց տեղեկացրել են, որ ներկայացումը հետաձգվել է ընտրությունների պատճառով: Պարզելու համար, թե ինչու են թատրոնները այդպես վարվել քաղաքացիների հետ, «Առավոտը» զրուցեց մի քանի թատերական հաստատությունների ղեկավարների հետ: Երեկ տեղեկացրել էինք նաեւ, որ հետաձգված ներկայացումներից մեկը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկում ընդգրկված «Իմ զոքանչը» ներկայացումն էր: Զրուցեցինք նշված թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ: Նա «Առավոտին» պատասխանեց. «Այդպիսի բան չէր կարող լինել: Այդ օրը Ձեր նշած ներկայացումը հետաձգվել է, քանի որ ներկայացման գլխավոր դերակատարը՝ դերասանուհի Սվետլանա Գրիգորյանն առողջական խնդիրներ ուներ: Թատրոնն անգամ մեկ օր փակվելու իրավունք չունի, դա կհիասթափեցնի քաղաքացիներին»: Զարմանալի է, որ մեզ հետ զրուցած քաղաքացիները (օրինակ՝ Նունե Սարգսյանը) վստահեցնում էին, որ թատրոնները գնացել են այդ քայլին, քանի որ նրանք ֆինանսական կախման մեջ են երկրի կառավարող օղակներից:
Զրուցեցինք նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի հետ: Նա զարմացավ, լսելով քաղաքացիների դժգոհությունը եւ պարզաբանեց. «Դա հնարավոր չէ, քանի որ ներկայացումների ծրագիրը որոշված է լինում դեռ նախորդ ամսվանից, փակցված են լինում թե՛ ծրագիրը, թե՛ աֆիշները: Քաղաքացիների դժգոհություններն ընդամենը հեքիաթներ են»: «Առավոտի» այն հարցին, թե քաղաքապետարանի կամ այլ նախարարության կողմից իրենց թատրոնին դիմե՞լ են մայիսի 31-ի ներկայացումները հետաձգելու խնդրանքով, Ս. Դավթյանը պատասխանեց. «Նախ մեր թատրոնը չի ենթարկվում քաղաքապետարանին, հետո էլ մենք այդ օրը պարզապես ներկայացում չենք ունեցել»:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն էլ «Առավոտին» փոխանցեց. «Թատրոնները, որպես ՊՈԱԿ-ներ, ունեն իրենց իրավասությունները, ուստի կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա նշանակում է, որ մշակույթի նախարարությունը ձեր նշած խնդրի «մասով» պատասխանատու չէ»: Տիկին Դուրգարյանը հավելեց, որ գերատեսչությունը տեղյակ չի եղել, որ ներկայացումներ են հանվել կամ հետաձգվել ընտրությունների պատճառով: