Վերջինիս կարիքը զգում են բոլորը, անկախ տարիքից ու սեռից
Հպումը համարվում է մարդկային բնազդներից լավագույնը: Այն կարող է ուժ հաղորդել, հանգստացնել, լիցքաթափել, կարգավորել մտքերը եւ բարելավել ինքնազգացողությունը: Հպումը ձեռքերի, մարմինների միաձուլման միջոցով կարող է հանդիսանալ նաեւ բուժում: Մարդ արարածը իր բնությամբ մեծ անհրաժեշտություն ունի ֆիզիկական շփման՝ հպումների միջոցով: Դա հատուկ է մարդուն իր ծննդյան առաջին իսկ րոպեներից եւ կյանքի բոլոր պարագաներում: Հայտնի է, որ ֆիզիկական կոնտակտի միջոցով մարդուն կարելի է պատճառել ոչ միայն ցավ կամ հաճույք, այլեւ կարելի է հաղորդել էներգիա, որը կարող է մեծ ազդեցություն թողնել ոչ միայն նրա անատոմիայի, այլեւ հոգեբանության վրա: Բնականաբար, միշտ եւ բոլորի համար էլ հաճելի է, երբ մեղմ հպումներ են զգում հատկապես այն դեպքում, երբ դա կատարվում է սիրելի կամ ցանկալի անձնավորության կողմից: Բնության օրենքների համաձայն՝ մարդը հպումների եւ մերսման միջոցով կարող է անհավանական արդյունքների հասնել՝ շատ հիվանդությունների դեպքում փոխարինելով քիմիական միջամտությանը: Հպումը հաճախ ասոցացվում է մերսման տարբեր մեթոդների հետ: Իսկ իրականում հպումը գրեթե մերսումն է: Սակայն հպվել կարող են բոլորը, բայց պրոֆեսիոնալ ձեւով մերսել՝ միայն մասնագետները: Ամեն դեպքում ամենեւին էլ պարտադիր չէ մասնագետ լինել, որ կարողանալ մեղմորեն հպվել, ասենք, սիրելիին՝ վերջինիս հաճույք ու բավականություն պատճառելու համար: Ասում են՝ մարդու էության գաղտնիքը ամենից առաջ տրված է նրա ծագման խորհրդավորության մեջ, ու մարդու համար ամենագայթակղիչ վարկածը նրա աստվածային արարումն է: Իսկ նա, ով ունակ է իր հպումներով ազդեցություն թողնել մեկ ուրիշի ոչ միայն մարմնին, այլեւ հոգում, ունակ է կառավարելու:
Ինչ վերաբերում է կառավարելու գործընթացին, ապա դա այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ սովորաբար զգացմունքները, մարմինն ու զգացողությունները հակված են չկառավարվելուն: Բացառություն են կազմում միայն ցանկությունները, որովհետեւ դրանք կառավարվում են ուղեղի ու պայծառ մտքի շնորհիվ, եւ առողջ բանականություն ունեցող մարդը ոչ մի դեպքում չի կորցնում ինքնատիրապետումը: Հենց ինքն իրեն տիրապետել կարողացող մարդն էլ ունակ է ընկալելու հպման զգայական կիրքը: Ասում են՝ հպումներից փշաքաղվող մարդիկ կրքոտ են, իսկ նրանք, որոնք հպումներից ոչինչ չեն զգում կամ գոնե մի քիչ չի «այլայլվում» նրանց մարմինը, նրանց հոգիներն անզգա են: Ասում են՝ մեղմ հպումներից զգացածը տվյալ պահին մարդու էության ու հոգեվիճակի թարգմանն է: Հնարավոր չէ, որ հպումները ցանկալի չլինեն ինչ-որ մեկի համար, պարզապես հպվելիս կամ մերսելիս պետք է հաշվի առնել մարդու հոգեվիճակը. եթե վերջինս նյարդայնացած է, չի բացառվում, որ ձեր հպումներն էլ ավելի բարկացնեն, գրգռեն նրան: Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ հպումներ լինում են սեռական հարաբերություններ սկսելիս, դրա ժամանակ ու ավարտին: Այսինքն՝ ակնհայտ է, որ հպումները մեզանից անպակաս են: Մասնագետներն ասում են՝ մերսումը թուլացնում է մարդու օրգանիզմն ու հանգստացնում նյարդերը, իսկ ոչ պրոֆեսիոնալ մերսողների դեպքում այն հաստատ հակառակ ազդեցություն է թողնում: Եթե մերսման համար անհրաժեշտ է դիմել մասնագետի, ապա լիցքաթափվելու, հաճելի զգացողություններ ապրելու, մտքերը կարգավորելու համար պարզապես հպվեք սիրելի կամ ցանկալի անձնավորությանն ու թույլ տվեք, որ ձեզ էլ հպվեն: Հպումները, գուրգուրանքները սովորաբար հանգստացնում են նյարդերը, նույնիսկ այն դեպքում, երբ դրանք իրականացվում են «ոչ մասնագետի» կողմից: Այսպիսով, տարբերելով հպումն ու մերսումը, հարկ է նշել, որ մերսում հասկացությունը շրջանառվել է անհիշելի ժամանակներից, անցել է տեխնիկական մշակման բազմաթիվ փուլեր՝ շարունակաբար ենթարկվելով կատարելագործման: