Ըստ սեքսապաթոլոգի՝ կանայք տղամարդկանցից շատ են ձգտում կրկնօրինակել պոռնոֆիլմերում տեսածը
«Ֆիլմերում ցուցադրվող «գիգանտ» սեռական անդամը չափազանցություն է»,- հիասթափեցնում է սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սեւադա Հակոբյանը:
Ըստ Ս. Հակոբյանի՝ պոռնոգրաֆիան սեքսոլոգիական մերձեցման, սեռական կյանքի ձեւերից մեկն է. «Գոյություն ունի դատական սեքսոլոգիա, որն ուսումնասիրում է պոռնոգրաֆիայի բացասական, պաթոլոգիկ ազդեցությունը սեռական կյանքի վրա: Եթե պոռնոգրաֆիկ ֆիլմերում սեռական հարաբերությունները կրում են ուժային բնույթ, եթե դա իրականացվում է ոչ սեռահասուն անձնավորությունների նկատմամբ՝ մեծերի կողմից, դատական սեքսոլոգիայում օրենքով դատապարտվում է, այսինքն՝ դա մտնում է պաթոլոգիկ շեղումների շարքը»:
Բժշկի խոսքով, պոռնոգրաֆիկ ֆիլմերը բացասական ազդեցություն կունենան այն դեպքում, եթե մարդիկ չունեն համապատասխան սեքսոլոգիական գիտելիքներ, սեռական կյանքի փորձ. «Իմ պրակտիկայում շատ եմ հանդիպում նման խնդիրների, երբ պոռնոֆիլմերում տեսնում են մեծ չափերի սեռական օրգաններ, եւ եթե իրենց սեռական անդամը էկրանին ցուցադրվողներից փոքր է, նրանց մոտ առաջանում է կոմպլեքս: Սա արդեն իսկ մեծ խնդիր է, որովհետեւ տվյալ անձին, օրինակ, տղային այլեւս չի լինում համոզել, որ նրա մոտ ամեն ինչ նորմայի սահմաններում է, ֆիլմում պարզապես չափազանցված է, այնտեղ գիգանտ սեռական անդամ է, որը նորմայի սահմաններին չի համապատասխանում: Սա պաթոլոգիա է, որը շատ դժվար է հիվանդին բացատրել»:
Ինչ վերաբերում է էկրանին ցուցադրվող գործողությունների եւ տեսարանների չափազանցմանը, ապա, ըստ սեքսապաթոլոգի. «Ֆիլմերում չափազանցությունը կապված է օպերատորական տեխնիկայի կիրառումից, չէ՞ որ էկրանը մի քանի անգամ մեծացնում է ամեն ինչ՝ լինի մարդ, իր, գործողություն, թե երեւույթ: Եվ հետո դա նաեւ կապված է տվյալ ֆիլմի հեղինակի, ռեժիսորի երեւակայությունից: Սեռական ակտի պարագայում էլ հաճախ չափազանցված է լինում. ֆիլմերում սեռական ակտի տեւողությունը կարող է լինել շատ ավելի երկար, քան իրականում: Իսկ իրականում միջին սեռական կոնստրուկցիա ունեցող անձնավորության մոտ սեռական ակտի տեւողությունը 2-2,5 րոպե է: Ֆիլմերում ակտը երկար է լինում, ինչը կարող է ոչ սեռահասուն եւ պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտող անձնավորության կողմից սխալ ընկալվել. վերջինս, համեմատելով իր եւ ֆիլմերում ներկայացվող սեռական ակտի տեւողությունը, կարող է սեռական խանգարում ստանալ»:
Ամուսինների սեռական կյանքի ալտերնատիվ ձեւերի մասին ասաց. «Այս ձեւերի մեջ մտնում են պոռնոգրաֆիկ շփումները: Եթե դրանք իրականացնողը ամուսնական զույգ է, նրանք ունեն լիարժեք սեռական կյանք եւ սեքսուալ կյանքում պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը կրում է զուտ հարստացնող կոմպոնենտ, ապա պոռնոգրաֆիկ շփումները պետք չէ դիտել իբրեւ հիվանդություն: Սեքսուալ կյանքում պոռնոգրաֆիկ էլեմենտները միշտ ունեն հարստացնող էֆեկտ, սեքսուալ կյանքը ավելի բազմաբովանդակ դարձնող բնույթ եւ դա բացարձակ չի համարվում պաթոլոգիկ: Մեկ այլ դեպքում, եթե ամուսնական զույգը նայում է պոռնոգրաֆիկ ֆիլմեր, ֆիքսում է բոլոր գործողությունները եւ իր ամբողջ սեռական կյանքը կառուցում է միայն պոռնոգրաֆիկ ֆիլմերի հիման վրա՝ դա համարվում է պաթոլոգիա. դուրս է մղվում նորմալ հետերոսեքսուալ սեռական կյանքը՝ փոխարինվելով բացառապես օրոգենիտալ կոնտակտներով»:
Հարցին, թե հնարավո՞ր է ամուսինների մոտ կախվածություն առաջանա պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելուց, բժիշկ-սեքսապաթոլոգը պատասխանեց. «Ելնելով մեր այցելու-հիվանդների գանգատներից, կախվածության վախը թերեւս կա, եթե, իհարկե, գործնականում օրոգենիտալ կոնտակտները հաճախակի են կիրառվում: Բերանի խոռոչի լորձաթաղանթը սեռական անդամի համար համարվում է ավելի ուժեղ գրգռիչ եւ եթե այդ ձեւը սեռական կյանքում հաճախ է օգտագործվում՝ հետերոսեքսուալ, դասական կոնտակտները տվյալ անհատի համար դադարում են մեծ ստիմուլի աղբյուր հանդիսանալ: Այսինքն՝ մարդուն կարող է այլեւս չբավարարել դասական սեռական հարաբերությունը եւ նա սկսի հետաքրքրվել, կենտրոնանալ, ձգտել օրոգենիտալ կոնտակտների, ինչն այս դեպքում պաթոլոգիկ նշանակություն ունի ու կարող է հիվանդության աղբյուր հանդիսանալ»:
Հայկական ընտանիքներում պոռնոգրաֆիկ ֆիլմերի միասնական դիտումներն այդքան էլ հարգի չեն եւ երբեմն դրանք առաջացնում են հիասթափություններ, վեճեր, մինչեւ անգամ բաժանումներ: Բժիշկ-սեքսապաթոլոգի խոսքով, հայկական ընտանիքներում երբեմն պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելու եւ դրանցում ներկայացվող գործողությունները նույնությամբ իրականացնելու առաջարկները հիմնականում լինում են կանանց կողմից. «Իմ պրակտիկայում ունեի մի զույգ, երբ կինն իր ընկերուհիների հետ դիտել էր պոռնոգրաֆիկ ֆիլմեր, եւ երբ ամուսնու հետ փորձել էին սեռական հարաբերություն ունենալ, կինը «պրոտեստ» էր արել, դեմ եղել հարաբերություններին, ասելով՝ փաստորեն, մենք այդքան ժամանակ ինչ որ արել ենք, դա նորմալ սեքս չի եղել. իսկական սեքսն այն է, ինչ ես տեսա ֆիլմում: Արդյունքում՝ ամուսինը, լինելով ավանդապահ, նրա մոտ առաջացել էր շատ մեծ հիասթափություն իր կնոջ ու ընտանիքի նկատմամբ, երբ կինը նրան առաջարկել է անել այն, ինչ ցուցադրվում է էկրանին, անգամ ստիպել է, ինչն էլ լուրջ հոգեբանական ճնշում է»:
Ինչ վերաբերում է հայ տղամարդկանց՝ իրենց կանանց հետ պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելուն եւ հետո տեսածը կրկնօրինակել համոզելուն կամ ստիպելուն, Ս. Հակոբյանը նշեց. «Տղամարդկանց կողմից նման ճնշումներ ավելի քիչ են հանդիպում, քան կանանց: Հայ տղամարդն այս առումով խնդիր ունի. նա չի կարող անել այն, ինչ տեսնում է, որովհետեւ հայ տղամարդու մոտ վերջիվերջո կնոջ նկատմամբ սրբության զգացողություն կա եւ հենց դա էլ թույլ չի տալիս օրոգենիտալ եւ պոռնոգրաֆիկ էլեմենտներ կիրառել սեռական կյանքում: Հենց այդ պատճառով մնացյալ հաճույքներն ու ցանկությունների բավարարումը ամուսինները փնտրում են դրսում»: