Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիս 03,2009 00:00

Վրաստանում վերջին շրջանում հակահայկական գործողությունների թիվը մեծացել է հատկապես կրոնական եւ կրթական ոլորտներում: Երեկ այս մասին իրենց մտահոգությունները հայտնեցին «Միտք» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ Էդուարդ Աբրահամյանը եւ Վահե Սարգսյանը: Է. Աբրահամյանն ասաց, որ վրացական մամուլի տարածած տեղեկությունների համաձայն, առաջիկայում նախատեսվում է Ախալքալաքի Բերդը վերածել անչափահաս բանտարկյալների գաղութի: Նրա խոսքով, նմանօրինակ գործողություններն ավելի են մեծացել հատկապես ցեղասպանության հիշատակման օրվա եւ մայիսյան հերոսամարտերի շրջանակներում՝ ջավախահայերի կազմակերպած միջոցառումներից հետո:

«Վերջերս վրացական իշխանությունները Ախալքալաքի Բերդի տարածքում եկեղեցական բաց արարողություններ կազմակերպեցին, ինչից հետո էլ Սամցխե Ջավախքի թեմի առաջնորդը կաթողիկոս Իլյա 2-ին՝ այդ տարածքը վրացական թեմին հատկացնելու պահանջ ներկայացրեց»: Է. Աբրահամյանը, կրկին մեջբերելով վրացական մամուլի տարածած տեղեկությունները, ասաց, որ այդ պահանջը ընթացքի մեջ է:

Բացի կրոնական ոլորտից, լուրջ հակահայկական գործողություններ են տեղի ունենում նաեւ կրթական ոլորտում: Վ. Սարգսյանի խոսքով, վրացական իշխանությունները վերահսկողություն են սահմանել Ջավախքի հայկական դպրոցներում, որպեսզի գրագրության աշխատանքներն իրականացվեն միայն վրացերեն: Բանախոսը փաստեց, որ այս տարի լրանում է Վրաստանի՝ ԵԽ անդամակցելու տասը տարին ու չնայած Վրաստանի ստորագրած բազմաթիվ կոնվենցիաներին, դրանց կոպիտ խախտումներ են լինում:

Ի տարբերություն հայերի՝ Վրաստանում բավականին ակտիվ է ադրբեջանական փոքրամասնությունը. ադրբեջանցիները կարողանում են իրենց խնդիրները հասցնել վրացական իշխանություններին, ինչի հաջողությանը նպաստում է Բաքուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել