Երեւանն ու Մոսկվան կպայքարեն Եվրոպայի 2010 թ. առաջնությունն անցկացնելու համար
AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնության ավարտի հաջորդ օրը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) նախագահ Արման Մուրադյանը հայտարարեց, որ ՀԲՖ-ն Եվրոպայի 2010 թվականի մեծահասակների առաջնությունը նույնպես Երեւանում անցկացնելու նպատակ ունի, եւ որ այդ իրավունքի համար մեր միակ մրցակիցը, հավանաբար, Մոսկվան կլինի:
Երեկ լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այդ հարցն առաջ է քաշել դեռ Երեւանում՝ պատանիների աշխարհի առաջնության օրերին մարզաձեւի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ Կոու Վուի եւ գործադիր տնօրեն Հո Կիմի հետ կայացած հանդիպման ընթացքում: Վկայակոչելով ՌԲՖ-ի միջազգային դեպարտամենտի ղեկավար Լեոնիդ Միրոշնիչենկոյին՝ «Վես Սպորտ» հանդեսը մեջբերում է նրա խոսքերը. «Մի անգամից ասեմ, որ Ռուսաստանի մայրաքաղաքի թեկնածությունն առաջադրելու գաղափարը AIBA-ի ղեկավար առաջին դեմքերի մեծ հավանությանն արժանացավ: Նրանք, թեկուզ 2008 թվականի աշխարհի գավաթի օրինակով, հիանալի գիտեն, թե Մոսկվան նման կարգի մրցումներն ինչպես է կազմակերպում: Առաջին քայլն արված է: Երկրորդը՝ պաշտոնական հայտի ներկայացումը, կարծում եմ, կկատարվի հունիսի ընթացքում: Իսկ կազմակերպիչ երկրի ընտրության որոշումը կկայացնի բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գործկոմը, որը հրավիրվելու է սեպտեմբերին՝ Միլանում: Կարծում եմ, Մոսկվայի հնարավորությունները մեծ են: Որքան տեղյակ եմ, ներկայումս բոլոր այն քաղաքները, որոնք ժամանակին ցանկացել էին եկող տարվա մայիսի երկրորդ կեսին Եվրոպայի առաջնությունն ընդունել, ֆինանսական անբարենպաստ պայմանների պատճառով հանել են իրենց թեկնածությունը: Դրա համար էլ չեմ բացառում, որ Մոսկվան այդ իրավունքին կհավակնի առանց այլընտրանքի»:
Պարոն Միրոշնիչենկոն, ըստ ամենայնի, մի փոքր շտապել էր: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Եվրոպայի 2010 թվականի մեծահասակների առաջնությունն ընդունելու՝ ՀԲՖ-ի պաշտոնական նամակը պատրաստ է, որն արդեն երեկ պետք է ուղարկվեր հասցեատիրոջը: Այնպես որ, մեզ մնում է սպասել մինչեւ սեպտեմբեր: