Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ծեծել լրագրողներին

Հունիս 03,2009 00:00

Եվ անցկացնել «փայլուն» ընտրություններ

\"\"«Ընտրությունները փորձություն են մեր լրատվամիջոցների համար եւ, ցավոք, փորձությունը հաճախ փորձանքի է վերածվում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Մայիսի 31-ին էլ շարունակել են գործել կոմիտեի «թեժ գիծն» ու արագ արձագանքման խումբը: Արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների, աշխատանքների խոչընդոտման 5 դեպք. ցանկի մեջ ներառված չեն այն դեպքերը, երբ փորձ է արվել խոչընդոտել լրագրողի աշխատանքները, սակայն լրագրողը կամ լրատվամիջոցը հաղթահարել է առաջացած կոնֆլիկտը:

Մայիսի 31-ին պաշտպանության կոմիտեն մի ուրախալի փաստ է արձանագրել. այդ օրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ ոչ մի բռնություն չի գործադրվել: Փոխարենը՝ այս ընտրություններին սափրագլուխներն ավելի շատ ծեծել են կին լրագրողներին: «Դա խոսում է դաստիարակության եւ տիրող բարքերի մասին: Այս պարագայում, եթե հասարակությունն իր ձայնը չբարձրացնի, այն իր բացասական ազդեցությունը կունենա հասարակության վրա»,- նշեց Ա. Մելիքյանը: Նա նաեւ անդրադարձավ 8/01 ընտրատեղամասից ստացած ահազանգին, որտեղ բռնություն է իրականացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի նկատմամբ: Նրանք տեսել են, թե ինչպես մի խումբ սափրագլուխներ շրջապատել են լրագրողին եւ վզից պոկելով խմբագրական վկայականը՝ խլել խցիկն ու սպառնացել: Երբ լրագրողն ասել է, թե դա իր աշխատանքն է, հավանաբար՝ սափրագլուխների խմբի ղեկավարը պատասխանել է. «Իմ գործն էլ քո գլուխը ջարդելն է»: Լրագրողը ստիպված է եղել լքել ընտրատեղամասը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է նաեւ Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/25 ընտրական տեղամասում տեղի ունեցած միջադեպը: Ժամը 17.30 սահմաններում «Նորագյուղցի Բոկո» մականունով երիտասարդը հարձակվել է «Առավոտ» օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանի վրա, խլել նրա ֆոտոխցիկը, այնուհետեւ վերադարձրել այն առանց «չիպի» ու հեռացել անհայտ ուղղությամբ: Արձանագրության մեջ ներառված են նաեւ ժամը 16.20-ի սահմաններում Մալաթիայի 8/05 ընտրատեղամասում «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության դիտորդ Սոնա Այվազյանի եւ «tert.am» կայքի լրագրող Լիլիթ Թադեւոսյանի նկատմամբ կիրառված բռնությունները: Ըստ Արմինե Ավետյանի՝ «տեղամաս մտան մոտ 20 սափրագլուխ եւ հաստավիզ տղաներ ու 6 հոգով սկսեցին ոլորել իմ ու ու «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» անդամ Սոնա Այվազյանի ձեռքերը: Սափրագլուխները նաեւ խլեցին իմ լուսանկարչական ապարատը եւ սպառնացին, որ ընդհանրապես էս դպրոցից չեմ կարողանա դուրս գալ, տուն հասնել»: Աշոտ Մելիքյանը հայտնեց նաեւ. «Ցավալի է այդ ամենը տեսնելը, որովհետեւ քանի դեռ մեր հասարակությունից մեկուսացված չեն նման գլխակերները եւ քանի դեռ Հայաստանում այդ տիպի մարդիկ վերահսկում են իրավիճակը, դժվար թե մեր երկրում ազատ մամուլ, խոսքի ազատություն լինի, հասնենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ լինեն: Արդեն տխուր ավանդույթ է դառնում, որ ընտրությունների ժամանակ լրագրողներն ամենից շատն են տուժում»: Նա նաեւ հավելեց. «Լինում են դեպքեր էլ, երբ լրագրողն ինքն է դուրս գալիս «սահմաններից» եւ միշտ չէ, որ ասում ենք՝ լրագրողը ճիշտ է, բայց այդպիսի դեպքերը, մեր գնահատմամբ, ավելի շատ բացառություն են, քան նորմեր»: Նա լրագրողներին խորհուրդ տվեց՝ չիջնել սափրագլուխների մակարդակին, բարձր պահել լրագրողի պատիվը, որպեսզի պաշտպանության կոմիտեն էլ ավելի ակտիվորեն կարողանա պաշտպանել լրագրողի կամ լրատվամիջոցի շահերը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց. «Ցավոք, որեւէ հեռուստաընկերություն չլուսաբանեց այդ դեպքերը, չներկայացրեց այն միջադեպերը, որ կապված են եղել իրենց գործընկերների աշխատանքի հետ: Փոխարենը եղել են դրական լուսաբանումներ, թե ինչքա՜ն փայլուն ընտրություններ են անցկացվում Հայաստանում: Մեր հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ «Հ1»-ը, որ պահվում է մեր միջոցների հաշվին, չի տալիս օբյեկտիվ լրատվություն»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ «թեժ գիծը» գործում է եւ դիմեց գործընկերներին՝ առաջարկելով ներկայացնել իրենց նկատմամբ կիրառված բռնարարքները, խոչընդոտումները եւ ապօրինի սահմանափակումները՝ ամբողջական պատկեր ունենալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել