Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ՄԱՏՆԵՐՈՎ

Հունիս 03,2009 00:00

Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»

\"\"
Զարուհի Անտոնյանը իր ներկայացմամբ բարության կոչ է անում:

Մասնագիտական շրջանակներում վերջերս հաճախ է հոլովվում տիկնիկավար, մնջախաղաց եւ դրամատիկ դերասանուհի Զարուհի Անտոնյանի անունը: Նրա կերտած Սոնեչկայի կերպարին՝ Մ. Ցվետաեւայի «Երկնագույն երկրագունդ» ներկայացման մեջ (բեմադրիչ՝ Ն. Գրիգորյան) եւ Տիկնիկային թատրոնի խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում արվեստագետի զբաղվածությանը, ինչպես նաեւ՝ Մնջախաղի թատրոնում խաղացած Հուշկապարիկին՝ «Շերանիկում» (բեմադրիչ՝ Ժ. Դադասյան), ժամանակին «Առավոտը» անդրադարձել է:

Զ. Անտոնյանի հետ հանդիպման հերթական առիթը երեկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նրա ռեժիսուրայով բեմադրված «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացումն էր: Նրա շնորհիվ առաջին անգամ ժամանակակից հայ հանդիսատեսը ականատես եղավ դեռեւս անտիկ շրջանում Չինաստանում եւ Ճապոնիայում ծնունդ առած ու 9-11-րդ դարերում Հայաստանում փորձված մատների թատրոնի ներկայացման: Հիշեցնենք, որ ժամանակին թատերարվեստի այս տեսակի հետ շփվել ենք իսպանացիների եւ վրացիների՝ հայաստանյան հյուրախաղերի միջոցով: Այսօրինակ ներկայացումների «գործող անձինք» մարդկային մատներն են, հենց նրանց միջոցով են կերպարներ կերտվում ու հույզեր փոխանցվում:

Երբ նախօրեին «Առավոտը» ներկա գտնվեց «Ամպից պոկված հեքիաթի» գլխավոր փորձին, ականատեսը եղավ թատերական բոլոր օրենքներով՝ սյուժետային գիծ, կերպարների հարաբերություններ եւ այլն, յուրահատուկ բեմադրության: Ներկայացման բեմադրիչը նաեւ վերոնշյալ հեքիաթի հեղինակն է: Սյուժեն հետեւյալն է. արեւից ծնված մի աղջնակ հանդիպում է մարդկանց ու հիշեցնում, որ յուրաքանչյուրի մեջ արեւի շող կա եւ այն պետք է մշտապես «օգտագործել»: Այդպես աղջնակը արեւ է տալիս բոլորին ու հեռանում: Զ. Անտոնյանի խոսքերով, սոցիալական ու տարբեր խնդիրների պատճառով հաճախ մարդկային հարաբերությունները խաթարվում են, նույնիսկ ընտանիքում մեկմեկու հետ կոպիտ են վարվում: Իսկ եթե յուրաքանչյուրս հիշի, որ իր մեջ արեւ կա ու ժպտա, աշխարհն էլ մեզ կժպտա: «Մարդը, լինելով հողեղեն, հեռացել է բնությունից: Վստահ եմ, որ թե մեծերը, թե փոքրերը դիտելով այս ներկայացումը, կփորձեն վերադառնալ բնություն: Սա է պատճառը, որ ներկայացման մեջ գործող «անձանցից» յուրաքանչյուրն ունի իր ծառը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ժամանակին որպես դրամատիկ դերասանուհի Նորվեգիայում մասնագիտական դասընթացներ անցած Զ. Անտոնյանը պատրաստվում է օգոստոսին մեկնել Լեհաստան՝ մեծանուն թատերական նորարար Գրադովսկու անվան ինստիտուտի հրավերով: Այս առիթով դերասանուհին ասաց. «Երբ իմ լեհ կոլեգաներն անցյալ տարի Երեւանում էին, ներկա գտնվեցի նրանց փորձերին: Նկատեցի, որ ստեղծագործական այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք իսպառ վերանում են կենցաղից, աշխարհիկ կյանքից՝ ամբողջովին տրվելով աշխատանքին: Այս պահերը կապրեմ մեկնելով Լեհաստան՝ Վրոցլավ քաղաք, որտեղ հավաքվելու են թատրոնի մարդիկ՝ աշխարհի տարբեր ծայրերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել