ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարող իր արժեքները պարտադրել այլ երկրների: Սակայն նա ընդգծել է, որ ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը եւ խոսքի ազատությունը ոչ թե արեւմտյան, այլ համամարդկային ունիվերսալ արժեքներ են: Նրա խոսքերով՝ Մերձավոր Արեւելքի երկրներում մարդու իրավունքների խնդիրը, անշուշտ, բավականին սուր է դրված, սակայն կան համընդհանուր սկզբունքներ, որոնք այդ երկրները կարող են ընդունել որպես իրենց ազգային ինքնության մաս: «Վտանգը ես տեսնում եմ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների կամ որեւէ այլ երկրի կառավարությունը կարծում է, որ կարելի է պարզապես վերցնել եւ պարտադրել սեփական արժեքները մեկ այլ երկրի՝ բացարձակապես այլ պատմությամբ եւ մշակույթով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: Այսօր Օբաման կայցելի Սաուդյան Արաբիա, որը կլինի Մերձավոր Արեւելքով եւ Եվրոպայով նրա շրջագայության առաջին կետը: Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահը կայցելի Եգիպտոս, որտեղից մտադիր է ողջ արաբական աշխարհին դիմել ճառով: Այցելությունների շարքը կավարտվի միջոցառումներով, որոնք նվիրված կլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրորդ ճակատի բացման 65-ամյակին: