Թուրքիայի սպասումները հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից՝ մեծ է, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Նոյյան տապանը», վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե ծրագրվում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եւս մեկ հանդիպում հունիսի վերջին՝ Իտալիայում: Ըստ Դավութօղլուի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ունեցած դերակատարությունը գրեթե այնպիսին է, ինչպիսին կլիներ «Մինսկի խմբի 4-րդ համանախագահինը»: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրների կարգավորումը շահեկան է ոչ միայն կողմերի, այլեւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար: Թուրք նախարարը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է հնարավորինս ավելի շատ ջանքեր գործադրի հայ-ադրբեջանական տարաձայնությունների համար արագ լուծում գտնելու նպատակով: Խոսելով ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի մասին՝ Վեջդի Գյոնուլը հայտարարել է, որ նման նախաձեռնությունները կարող են վնասել երկու երկրների միջեւ մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին: