Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ԻՐԱՆՈՒՄ

Հունիս 03,2009 00:00

\"\"Իրանի Զահեդան քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ընտրական շտաբների վրա: Ըստ «Նոյյան տապանի», հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապեր ունեցող «Ժանդուլլահ» («Ալլահի զինվորներ») խմբավորումը: Այդ մասին գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը՝ այլ մանրամասներ չհաղորդելով դեպքի կապակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ շիական մզկիթի վրա իրականացված հարձակման հենց հաջորդ օրը: Այդ հարձակման հետեւանքով զոհվել էր 25 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել ավելի քան 120 մարդ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր սուննի մահմեդականների մի խմբավորում: Երեք անձինք հրապարակավ մահապատժի էին ենթարկվել: Իրանի նախագահական ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ ամերիկյան Time ամսագիրը գրում է, որ մրցապայքարի դուրս եկած ռեֆորմիստ թեկնածուները՝ Հուսեյն Մուսավին եւ Մեհդի Քերուբին, խոստանում են լայն իրավունքներով շնորհել երկրի՝ սուննի մահմեդականներից կազմված փոքրամասնությանը: «Շիա մահմեդական հանդիսացող Ահմադինեջադի վարչակազմը խոսքի ազատության տեսանկյունից մեծ ճնշումներ է գործադրել սուննի փոքրամասնության դեմ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալական ոլորտներում: Մուսավին եւ Քերուբին, շրջելով երկրի՝ փոքրամասնություններով բնակեցված վայրերում, խոստացել են ընտրվելուն պես լայն իրավունքներով շնորհել նրանց»,- գրում է ամերիկյան պարբերականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել