Անցած գիշեր շարունակվում էին Ատլանտյան օվկիանոսի տարածքում անհետացած Air-France ընկերության Airbus A330 ինքնաթիռի որոնումները: Օդանավն իրականացնում էր Ռիո դե Ժանեյրո- Փարիզ չվերթը՝ տեղափոխելով 216 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Օդանավում էին 32 պետությունների քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ ռուսաստանցի: A330-ի երթուղու ողջ երկայնքով ընթանում էր բրազիլական ռազմական ինքնաթիռը: Ֆրանսիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ ինքնաթիռը հայտնաբերելու համար դիմելու է Պենտագոնի օգնությանը: Գիշերը տեղեկատվություն է հրապարակվել, որ Airbus-ը հայտնաբերվել է Սենեգալի տարածքային ջրերում, սակայն ավելի ուշ այդ լուրը չի հաստատվել: Air-France-ի, ինչպես նաեւ՝ Բրազիլիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ ոչ մի րոպե չեն դադարեցնելու աշխատանքները, հույս ունենալով, որ կհայտնաբերեն ողջ մնացած ուղեւորներ կամ թեկուզ «սեւ արկղեր», սակայն մարդկանց փրկելու շանսերը ժամ առ ժամ նվազում են:
Բրիտանուհի Պատրիցիա Կոակլին, որի ամուսինը գտնվում է A330-ի մեջ, կարծում է, որ ինքնաթիռը չի խորտակվել: Կինը դա պատճառաբանում է նրանով, որ ամուսնու բջջային հեռախոսը հասանելիության տիրույթում է եւ զանգեր է ընդունում: