Ռուսաստանյան «Սոյուզ» տիեզերանավով Միջազգային տիեզերական կայան մեկնող հերթական զբոսաշրջիկն է լինելու մի կանադացի գործարար, որի անունն առայժմ գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ նա տիեզերք կմեկնի այս տարվա սեպտեմբերին: Մոտ ժամանակներս տիեզերական տուրիստը կսկսի նախապատրաստվել թռիչքին: Թե որքան է նա վճարելու իր շրջագայության համար, նույնպես առայժմ հայտնի չէ: Վերջին զբոսաշրջիկը՝ ամերիկացի Չարլզ Սիմոնին, իր թռիչքի համար վճարեց մոտ 35 մլն դոլար: Տիեզերական առաջին տուրիստն էր ամերիկացի Դենիս Տիտոն, որը տիեզերք մեկնեց 2001 թվականին: Նրան հետեւեցին հարավաֆրիկացի Մարկ Շատլուորթը, ամերիկացի Գրեգորի Օլսենը, իսկ 2006 թվականին առաջին կին զբոսաշրջիկը՝ իրանական ծագումով ամերիկուհի Անոուշե Ամսարին: Նրանցից յուրաքանչյուրը թռիչքի համար վճարեց մոտ 20 մլն դոլար: 2008-ին տիեզերք մեկնեց Ռիչարդ Գերիոթը՝ ամերիկացի տիեզերագնաց Օուեն Գերիոթի որդին: Իր մանկական երազանքի իրագործման համար նա վճարել է 30 մլն դոլար, որը նա աշխատել է համակարգչային խաղեր ստեղծելու միջոցով: 2009-ի մարտին Չարլզ Սիմոնին կրկնել է իր շրջագայությունը՝ դառնալով 1-ին մարդը, որը երկու անգամ վճարել է տիեզերք մեկնելու համար: Երրորդ անգամ նույն բանն անել նա չի պատրաստվում, քանի որ խոստացել է կնոջը՝ այլեւս չլքել երկիրը: