Լրահոս
Օրվա լրահոսը

Չար ու բարի ուժերի մոլորակը

Հունիս 03,2009 00:00

\"\"Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների աշխատանքները ցուցադրվում են Ժողարվեստի թանգարանում:\"\"

Հունիսի 1-ին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում մեկնարկեց եւ մինչեւ հունիսի 5-ը կտեւի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես- վաճառքը, որի ընթացքում ցուցադրվում են «Փրկություն» հ/կ-ի սաների ձեռքի աշխատանքները։ Մտավոր խնդիրներ ունեցող այդ դեռահասներն ու պատանիները մեր հասարակության մեջ դեռ արհամարհվում, մերժվում ու ծաղրվում են, այնինչ՝ հատուկ խնամքի, սիրո եւ հոգատարության կարիք ունեն։ Հենց այդ առաքելությունն է ստանձնել «Փրկություն» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների ու երիտասարդների ցերեկային խնամքն ու առօրյան կազմակերպող միակ կենտրոնը, որը գտնվում է Շենգավիթ համայնքում։

Կազմակերպություն մտնելիս, ակամայից ենթարկվելով մուտքում փակցված «Մտիր հանգիստ, խոսիր հստակ, պահանջիր քիչ, հեռացիր լուռ» ցուցանակի ազդեցությանը, քեզ համար մի նոր աշխարհ ես բացահայտում, մարդկային հարաբերությունների մի նոր տեսակ։ «Փրկություն» կազմակերպությանը կից Շենգավիթ համայնքի թիվ 298 մանկապարտեզն է գործում։ Վերջինիս տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզում ներառական ուսուցում է իրականացվում: «Մենք մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրում ենք իրականացնում եւ դեմ չենք մտավոր խնդիրներ ունեցող եւ առողջ երեխաների շփմանը»,- ասաց մանկապարտեզի տնօրենը, բայց մանկապարտեզի տարածքը հստակ բաժանված է «Փրկության» տարածքից։ Ի դեպ, հենց այս մանկապարտեզի տարածքից է 1999-ին Շենգավիթի թաղապետարանը տարածք տրամադրել «Փրկությանը»:

Այսօր քաղաքում ամեն քայլափոխի շքեղ գիշերային ակումբներ կամ զվարճանքի այլ օբյեկտներ են գործում, իսկ շուրջ 500 հաշմանդամ շահառուներ ունեցող ցերեկային խնամքի կենտրոնին հատկացված է ընդամենը 700 քմ տարածք, որն առ այսօր իրավական գրանցում չունի։ Էլ չենք խոսում այն մասին, որ կազմակերպությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից միայն աշխատավարձ է ստանում, այն էլ՝ անցյալ տարվանից։ Իսկ պետությունից ֆինանսական աջակցություն չստացող կազմակերպությունն ինչպե՞ս պետք է հոգա երեխաների տեղափոխման, սննդի կազմակերպման, կոմունալ ծախսերի վճարման եւ այլ խնդիրներ։ Մնում է ապավինել բարերարների օգնությանը եւ բարեգործական միջոցառումներից ստացվող հասույթին։ Բարեգործական համերգային այդպիսի մի ծրագիր իրականացվեց մայիսի 27-ին Պարոնյան թատրոնում՝ հայ էստրադային երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որից ստացվող ողջ հասույթր տրամադրվեց երեխաների սննդի կազմակերպման խնդիրների լուծմանը։ Նույն նպատակով է կազմակերպվել նաեւ ցուցահանդես-վաճառքը։ Անհնար է նկարագրել ոգեւորությունն ու հիացմունքը, որ ապրում էին երեխաները ցուցահանդեսի առաջին օրը: Իսկ երբ վաճառվում էր նրանց՝ ցուցահանդեսին ներկայացված ձեռքի աշխատանքներից որեւէ մեկը (նկար, ձեռագործ, փայտե ու կավե աշխատանքներ), երջանկության մի ամբողջ տոն էին ապրում։

Ղեւոնդը (լուսանկարում), օրինակ, մոլորակ էր նկարել: «Այս մոլորակում եւ բարի, եւ չար ուժեր կան,- ասում է նա,- ես մի մոլորակ էլ ունեմ՝ «Փրկությունը», բայց այնտեղ միայն բարի մարդիկ են»։ Երիտասարդներն աշխատում են հատուկ մանկավարժների օգնությամբ։ Ընկեր Քրիստինեն, ինչպես նրան դիմում են երեխաները, ուղղորդում է նրանց, օգնում, եթե կարիք ունեն: «Հիմնականում իրենց մտահղացումներն են, բայց երբեմն դժվարանում են եւ միայն մեր օգնությամբ կողմնորոշվում։ Ընդհանրապես, նման ցուցահանդեսները նրանց շատ են ոգեւորում»,- ասում է Քրիստինեն։

Նման ցուցահանդեսները, ըստ «Փրկության» աշխատակիցների՝ յուրովի քարոզարշավներ են՝ հանրությանը ներկայացնելու, թե ինչի է ընդունակ մտավոր խնդիրներ ունեցող անձը, եթե ցանկություն կա նրա հետ աշխատելու, զարգացնելու ստեղծագործական կարողությունները։

Մտավոր թերզարգացման թեթեւ ձեւը հանդիպում է բնակչության մեջ 1000 մարդուն՝ 46 դեպք հաճախականությամբ, ավելի ծանր դեպքերը հանդիպում են հազվադեպ՝ 1000 մարդուն՝ 3-4 դեպք։ Մտավոր թերզարգացման առավել ծանր ձեւերը հասարակության բոլոր շերտերում հավասարաչափ են ներկայացված, մինչդեռ թեթեւ ձեւերը գերակշռում են վատ ապահովված րնտանիքներում, որտեղ նման երեխաների թիվը հասնում է 10-30%-ի: Իսկ մեր հասարակությունն այսօր, ցավոք, քիչ է տեղեկացված մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների ու պատանիների մասին, քանի որ պարզապես չի տեսնում նրանց: Նրանք կամ «փակի տակ» են՝ տանը կամ հատուկ դպրոցներում, եւ շատ հազվադեպ՝ ներառական կրթություն իրականացնող հաստատություններում, որտեղ հնարավորություն ունեն շփվել իրենց մյուս հասակակիցների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել