Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵՑ…

Հունիս 03,2009 00:00

\"\"ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, «ընդունելության քննությունները չպետք է դառնան անառողջ աժիոտաժի եւ ուշադրության երեւույթ»:

Երեկ հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները: Երեւանի եւ մարզերի 17 քննական կենտրոններում 408 շրջանավարտ միասնական քննություն հանձնեց ընդհանուր պատմություն, 541-ը՝ աշխարհագրություն, 1811-ը՝ կենսաբանություն առարկաներից: Այս առարկաների գծով քննություն այս տարի այլեւս չի կազմակերպվի:

ԵՊՀ քննական կենտրոնում ընթացող քննությանը մասնակցեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա շրջանավարտ-դիմորդներին մաղթեց գիտելիք եւ կենտրոնացում: Այնուհետեւ քննական կենտրոններ բերվեցին մեկանգամյա սոսնձվող ծրարներում գտնվող թեստերը, որոնք բացվեցին դիմորդների ձեռքերով: Մինչ քննության մեկնարկը՝ «Առավոտը» զրուցեց դիմորդների հետ: Բժշկական համալսարանի դիմորդ Թամարա Ղազարյանն ասաց. «Այս համակարգը նախորդի համեմատ ավելի լավն է, քանի որ դիմորդներն ավելի հանգիստ պայմաններում են գտնվում»: Իսկ մեկ այլ դիմորդ՝ Տիգրան Մանուկյանը, նկատեց. «Նոր համակարգը լավն է, բայց թեստերում հարցերի ձեւակերպումները հասկանալի չեն, ձեւաթուղթը լրացնելն է ժամանակ եւ հատուկ ուշադրություն պահանջում, չգիտես՝ հա՞րցը հասկանաս ու պատասխանես, թե՞ ձեւաթղթի վրա ճիշտ տեղում խաչ դնես»: Դիմորդներին հաջողություն մաղթելուց հետո ԿԳ նախարարը զրուցեց լրագրողների հետ: Նա նշեց. «Միասնական քննություններին զուգահեռ, անցկացվելու են ավարտական քննություններ՝ դպրոցներում: Ուստի մեր թիվ մեկ խնդիրն է ապահովել կարգերի տառին համահունչ գործընթաց ու, հաշվի առնելով հասարակության ուշադրությունը ընդունելության քննություններին, ապահովել գիտելիքների օբյեկտիվ գնահատում եւ արդար քննությունների ընթացք, առավելագույն թափանցիկություն, տեղեկատվության հասանելիություն: Մեզ համար լուրջ խնդիր է այն, որ նվազագույնի հասցվի մարդկային գործոնը՝ գնահատման եւ թեստերի հեղինակման առումով: Նաեւ կարեւոր է, որ հասարակության ներսում ընդունելության քննությունները չլինեն անառողջ աժիոտաժի եւ ուշադրության երեւույթ: Կցանկանայի, որ հասարակությունը ապրեր բուհական ավարտական քննություններով, քանի որ ավելի կարեւոր պիտի լինի, թե ինչ որակի մասնագետներ են բուհ ավարտում»: 17 տարի առաջ ընդունելության քննություն հանձնած նախարարը նշեց, որ իրեն հետաքրքրող առարկաների թեստերը անպայման կփորձի լուծել: Այս տարվա արդեն ուրվագծվող մրցույթի մասին ասաց. «Եթե հաշվի առնենք միայն տարկետման իրավունքով վճարովի եւ անվճար տեղերը, ամենաբարձր մրցույթը Մանկավարժականում է, Բրյուսովում, ԵՊՀ-ում, ՀՊՏՀ-ում, Բժշկականում: Կան մասնագիտություններ, որոնց դիմումների քանակից արդեն ակնհայտ է, որ հնարավոր է ունենանք թափուր տեղեր»: ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանն էլ տեղեկացրեց, որ քննական թեստերի ճիշտ պատասխանները քննության ավարտից հետո կդրվեն ԳԹԿ կայքէջում. «Քննությունների արդյունքները քննական կենտրոններում փակցնելուց հետո՝ դիմորդները կարող են բողոքարկել 24 ժամվա ընթացքում: Իսկ քննության արդյունքները, համաձայն ընթացակարգի, կհայտարարվեն 5 օրվա ընթացքում, սակայն կաշխատենք ամեն ինչ անել սեղմ ժամկետներում»:

ԵՊՀ քննական կենտրոնից ԿԳ նախարարն ու փոխնախարար Մանուկ Մկրտչյանը այցելեցին ԵՊՃՀ քննական կենտրոն: Բուհի բակում հավաքված ծնողներն ուղղակի հարցախեղդ արեցին նախարարին: Սկզբում դժգոհեցին, թե դրսում տեղադրված մոնիտորների վրա պատկերները լավ չեն երեւում, չեն կարողանում տեսնել իրենց երեխաներին: Ա. Աշոտյանը հումորով պատասխանեց. «Դրա համար հատուկ սարքավորումներ են պետք: Օրինակ՝ դրա համար պետք են տեսանկարահանող կռունկներ, այլ տեխնիկական միջոցներ: Մոնիտորների տեղադրման նպատակն այն է, որ ծնողները հետեւեն ու տեսնեն, որ ներսում իրավիճակը հանգիստ է, ոչ ոք չի մոտենում դիմորդներին, նրանց հուշում եւ այլն»: Մեկ այլ ծնող նշեց. «Խնդրում ենք՝ մեր երեխաների գիտելիքները օբյեկտիվ գնահատեք»: Նախարարը վստահեցրեց, որ այդպես էլ կլինի եւ հավելեց. «Հասկանում եմ ձեր անհանգստությունը, քանի որ երեխաներին մեկ տարի պարապել եք տվել, գումարներ ծախսել՝ չվստահելով դպրոցի տված գիտելիքներին: Ուստի ուզում եք տեսնել արդյունքը: Իսկ եթե անարդարություն լինի, կարող եք դիմել բողոքարկման հանձնաժողովին»:

Ժամը 15-ին ԳԹԿ-ում մեկնարկեցին ձեւաթղթերի սկանավորման աշխատանքները: Քննական կենտրոնների ղեկավարները, ԳԹԿ-ի եւ ԿԳՆ-ի լիազորների ուղեկցությամբ փակ արկղերը եւ մեկ անգամ սոսնձվող ծրարները բերեցին ԳԹԿ, ուր ձեւաթղթերը սկանավորվեցին: Ապա ԳԹԿ մասնագետները սկսեցին աշխատել սկանավորված ձեւաթղթերի մշակման վրա: Հիշեցնենք, որ դիմորդ-շրջանավարտները կարող են բողոքարկել իրենց գնահատականները այն քննական կենտրոնում, որտեղ իրենք քննություն են հանձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել