Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգին ընդառաջ

Հունիս 03,2009 00:00

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է

Հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Սանկտպետերբուրգյան հանդիպման նախաշեմին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ժամանել են տարածաշրջան՝ որոշ մանրամասներ ճշգրտելու:

Առհասարակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա են բազմաթիվ գործոններ, որոնք, իհարկե, կարիք ունեն մանրակրկիտ քննարկման, կողմերի դիրքորոշումների համադրման, իրավիճակի ստատիկ եւ դինամիկ գնահատման: Այսօր, համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի, բանակցային սեղանին դրված է «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթուղթը, որի շուրջ Երեւանն ու Բաքուն բանակցում են սկսած 2007 թվականից: Պետք է արձանագրել, որ չնայած Ղարաբաղը հանդիսանում է հակամարտության հիմնական կողմ, դա ժամանակ առ ժամանակ «մոռանում» են հակամարտությանն առնչություն ունեցող այլ կողմերը, ինչն էլ առաջացնում է որոշակի թյուրիմացություններ:

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա վերոնշյալ փաստաթուղթը գաղտնազերծված չէ, եւ միայն որոշակի դրույթներ են հանրությանը հայտնի, որոնք այս կամ այն կերպ ներկայացրել են եռանախագահները: Եվ եթե անգամ մեկ նախադասություն կա փաստաթղթում, որը մնում է գաղտնի, փաստաթղթի վերաբերյալ ընդհանրական կարծիք կամ մոտեցում տալը դառնում է աննպատակահարմար:

Ադրբեջանական կողմի պնդումների համաձայն՝ Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Արդո՞ք նման դիրքորոշումը համապատասխանում է իրականությանը: Այս հարցին պատասխանելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետությունը կոշտացրել է դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցություններում, դա մեր բնորոշումը չէ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը ԼՂ կարգավիճակի հարցն է, եւ եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը՝ ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, որ մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները։ Մենք պատրաստ ենք շարունակելու բանակցությունները»:

Բանակցային գործընթացն արդյո՞ք կկարողանա հասնել նոր հանգրվանի: Այս հարցի պատասխանը կարելի է ակնկալել Սանկտ Պետերբուրգից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել