Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասում սպանվել է զինվոր

Հունիս 03,2009 00:00

Մեղրաշեն համայնքը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահին

Բարեւ Ձեզ, հարգարժան նախագահ: Այս անգամ որոշեցինք «բաց նամակով» դիմել Ձեզ, քանզի երկմտում ենք, թե հնարավորություն չի տրվել Ձեզ՝ անձամբ ընթերցելու մեր առաջին նամակը, այլապես այդքան անարդյունավետ չէր լինի Իջեւանի քննչական բաժնում կայացած՝ Պառավաքարի «Թազա պոստ» զորամասում սպանված Վազգեն Հունանյանի գործի վարույթը: Բանն այն է, որ սպանությունը կեղծ վկայություններով ուզում են դարձնել ինքնասպանություն՝ քողարկելով իսկական մարդասպանին ու սպանության կազմակերպչին:

Դատական բժիշկը գրել է եզրակացություն, որ Վազգենի ծնոտի կապտուկները, վզի ու դեմքի վնասվածքներն ու քերծվածքները, թեւերի արյան զեղումները բռնության հետքեր են: Միջնորդվել է քննել աբովյանցի «Կյաժ» մականունով սերժանտ Վահագն Արզումանյանին, քանզի Վազգենի «պրոբլեմը» եղել է միայն «Կյաժի» ու եզդիների հետ: Զորամասում «Կյաժը» «հեղինակություն» էր: Բացի դա, լուրեր են պտտվում, որ նա բարձր պաշտոնյայի բարեկամ է: Իսկ հանցագործությունը կարող է կատարել նա, ով իսկապես կարող է, ով թքած ունի բոլոր տեսակի պատժամիջոցների վրա: Քննչականում հուսադրում են, թե, իբր, քննում են «Կյաժին», սակայն իրականում ոչինչ էլ չի կատարվում:

Զարմանալի է, պարոն նախագահ, ինչո՞ւ պետք է անձեռնմխելի լինի 20-ամյա պատանուն դաժանորեն տանջամահ արած մի ճղճիմ ոճրագործ: Երբ մենք ընտրում էինք Ձեզ, պարոն նախագահ, վստահեցինք ու հավատացինք, որ անբեկանելի են Ձեր անհողդողդ որոշումները, իսկ հիմա պահանջում ենք տեր կանգնել այդ հավատին ու վստահությանը, ցրել երկրից վախի ու սարսափի մթնոլորտը:

Երբ բարձրանում էինք դատաբժշկական լաբորատորիա, աստիճանների վրա տեսանք, ասես, ցուցադրաբար զինված մեկին, որի հետեւանքը եղավ գենետիկական անալիզի կեղծումը: Երեւի ահաբեկել էր լաբորատորիայի աշխատակցին, այլապես ինչո՞ւ պետք է ասեր. «մի լակոտի պատճառով ինչո՞ւ պետք է իմ երեխաները կորչեն»: Իսկ մեր հարցադրումին, թե ինչպիսի՞ն է պատասխանը՝ միայն հնչեցրեց. «Ասեմ, որ դու էլ իր հո՞րը սպանես…»:

Այնուհետեւ պահանջեցինք հանձնաժողովային գենետիկ անալիզ: Այժմ Իջեւանի քննչական բաժնից գործը տեղափոխվել է զինվորական դատախազության հատուկ գործերի բաժին:

Պարոն նախագահ, գուցե մեր «բաց նամակը» օգնի՞, որ փաստերը չխեղաթյուրվեն, որ գործով զբաղվող մարդկանց չահաբեկեն: Ընդամենը մի քանի օր առաջ Աբովյան-Երեւան ճանապարհին հետապնդել են մեր հարազատներից մեկին, որը մի կերպ կարողացել է շեղել ճանապարհը: Այս անպատժելի երեւույթները կարող են նորից ու նորից ծանր հանցագործություններ ծնել: Ուստի, խնդրում ենք Ձեզ, մեծարգո նախագահ, մեր երկրի, մեր երեխաների խաղաղ լուսաբացը Ձեր հեղինակության ու պատվի երաշխիքն են, իսկ մենք անվերապահորեն հավատում ենք Ձեզ եւ հետեւանքները թողնում Ձեր խղճին ու իմաստնությանը: Ձեր վճռականությունն ու արդարամտությունն է ակնկալում Շիրակի մարզի Մեղրաշենի ողջ համայնքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել