Հացպանյանի եւ նրա պաշտպանների միջնորդությունները մերժվեցին
Հացպանյանը՝ 2 պաշտպանների հետ:
Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մհեր Արղամանյանի նախագահությամբ սկսվեց եւ ավարտվեց «Սուտ մատնություն, որ կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի վերաքննիչ բողոքի քննությունը: 7 ամիս է, ինչ ազատությունից զրկվել է Ֆրանսիայի քաղաքացի Ս. Հացպանյանը, որի գնահատմամբ՝ իր գործը ծաղր է եւ նման վերնագրում արտահայտած մտքերին:
Նա հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին: 2008թ. նոյեմբերի 4-ի համարում «Մահափորձ Սերժ Սարգսյանի դե՞մ» հոդվածում Հացպանյանը վկայակոչել է իր «բարեկամից» լսածը, հայտնել, որ «Շատ մոտ ժամանակներս Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է իրականացվելու… Դրա իրականացման համար, ըստ իմ «բարեկամի» պատմածների, երկրում շահագրգռված երկու ուժ կա: Առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, իմա՝ ՀՅԴ եւ «Սիվիլիթաս» խմբի օտարահաճ սպասավորները, իսկ երկրորդը, ինչքան էլ անհավատալի թվա, ոչ թե, այսպես կոչված, «դասական ընդդիմությունից» հիասթափված մի «նախկին տաքգլուխ ֆիդայի», այլ վերստին «ոչ մի թիզ հող թշնամուն» մտքի իրոք ազնիվ կրող եւ նվիրյալ հետեւորդ հանդիսացող, օրինակ՝ իմ, Ժիրայր Սեֆիլյանի եւ Հայաստանում ապրող մեզ նման դեռ տասնյակ հազարներով մարդկանց շուրջը համախմբվելու պատրաստ հարյուր հազարավոր հայրենասիրական ուժերից մի ինչ-որ «իդեալիստ»:
Երեկ Ս. Հացպանյանն ուժեղացրել էր իր պաշտպանական կազմը. բացի փաստաբան Հովիկ Արսենյանից, նրա պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Նա հրապարակեց լրագրող Լուսինե Բարսեղյանի ցուցմունքը, որով վերջինս հայտնել էր, որ մեղադրանքի հիմքում դրված իր հրապարակումը համապատասխանում է Ս.Հացպանյանի ասածներին, նա չի ձայնագրել ասվածը, սղագրել է, այնուհետեւ պատռել դրանք: Պաշտպան Ռ. Ռեւազյանը գտնում էր, որ մեղադրող կողմը հարցազրույցը դիտել է սուտ մատնություն: Սակայն իրավաբանորեն սուտ մատնությունն այն է, երբ տեղեկություններ ես հաղորդում պետական մարմիններին, որոնք զբաղվում են դրանք ուսումնասիրելով, հետաքննելով, սակայն պարզվում է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանի դիտարկմամբ, օրաթերթը պետական մարմին չէր, հետաքննություն իրականացնող մարմին չէր կամ՝ հասցեատեր: «Իր բարեկամի վրա հղում կատարելով՝ Հացպանյանը հայտնել է որոշակի կարծիք՝ որոշակի մտահոգությունններից ելնելով: Իսկ կարծիքն ու մտահոգությունները հանցակազմ չեն պարունակում»,- նշեց Ռ. Ռեւազյանը:
Հացպանյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ, ով ներգրավված է եղել անցյալ տարվա դեկտեմբերից մինչ օրս, դատարանին ներկայացրեց Հացպանյանի վկայականը՝ ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի կողմից տրված: Ըստ այդ վկայականի՝ Հացպանյանը 1993թ. հոկտեմբերի 1-ից եղել է դասակի հրամանատար: «Մի հատ նայեք, տեսեք, որտեղ է մեծացել, զարգացել այս մարդը: Չափանիշը ո՞րն է: Ասել է՝ մահափորձ է կազմակերպվելու: Հանուն կայունության է ասել: Ընդամենը հայտնել է մտահոգություն եւ տվել է հարցազրույց: Եթե համոզված լիներ, որ դա ճիշտ է, կգնար համապատասխան մարմիններին կասեր: Անհանգստացած հայտնել է իր մի բարեկամից լսածը»,- հավելեց Հ. Արսենյանը: Վերջինս նաեւ նշեց, որ իր պաշտպանյալի ասածը կոնկրետ հասցեատեր չի ունեցել. «Ո՞ւմ է նկատի ունեցել: Սերժ Սարգսյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, «քաջ ֆիդայո՞ւ»: Նա տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների, հակահետախուզական եւ հետախուզական վարչությունները, երբ նախաքննությունն իրականացնող մարմինը դիմել է, որպեսզի հրապարակման վերաբերյալ հայտնեն իրենց կարծիքները, պատասխանել են՝ «հետաքրքիր չէ եւ վերացական նյութ է»: Պաշտպանի դիտարկմամբ՝ «Հոդվածը հաղորդակցության միջոց չի ծառայել»:
Ինչ վերաբերում է Սարգիս Հացպանյանին, ապա նա ասաց, որ դատարանն իրեն պետք է արդարացնի եւ բեկանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Նա միջնորդեց, որ Լեզվի պետական տեսչությունը փորձաքննության ենթարկի հրապարակումը, պարզելու՝ այնտեղ կա՞ն արտահայտություններ, որոնք սուտ մատնության տարր են պարունակում: Այս միջնորդությունը մերժվեց:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը, առարկելով կատարված միջնորդությանը, ասաց. «Հրապարակումն իրավական դաշտին է վերաբերում: Գործի նյութերում դրված միակ իրեղեն ապացույցն էլ՝ թերթի հրապարակումը, գնահատված է: Միջնորդությունը մեղադրանքից շեղելու նպատակ է հետապնդում»: Պաշտպան Հովիկ Արսենյանը խնդրեց մի քանի օր, որպեսզի դիմեն ԶԼՄ-ները կարգավորող դիտորդ մարմնին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար: Այս միջնորդությունը նույնպես մերժվեց:
Ս. Հացպանյանը հարցրեց դատարանին. «Այդ դեպքում ինչո՞ւ է այս դատարանը կոչվում վերաքննիչ, եթե ապացույցները չի վերաքննելու», եւ խնդրեց ուղեկցողներին իրեն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տանել: Նա ցույց տվեց գործի նյութերը, որտեղ կար Արամայիս Միրզախանյանի անձնագրի պատճենը: Նա դատարանից խնդրեց, որպեսզի դատակոչվեն որպես վկաներ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, ՀՅԴ ղեկավար մարմնից՝ Հրանտ Մարգարյանը ու Արամայիս Միրզախանյանը: Մերժվեց եւ այս միջնորդությունը:
Դատարանը վերջնականապես մերժեց վերաքննիչ բողոքը եւ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը թողեց անփոփոխ:Հետեւելով նախագահողի ջղագրգիռ գործողություններին՝ ողջ նիստի ընթացքում, հասկանալի էր նման դատական ակտի կայացումը: