Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ամուսնանան ու առանձնանան»

Հունիս 03,2009 00:00

Օրերս մեր խմբագրություն էր այցելել 80-ամյա թոշակառու Ա. Հովսեփյանը՝ իր հետ բերելով ՀՀ իշխանություններին ուղղված մի նամակ: Բացի այն, որ Ա. Հովսեփյանը «ղեկավարությանը» հորդորում էր «մի քիչ հոգատար ու ուշադիր վերաբերմունք դրսեւորել ծերերի նկատմամբ», նաեւ առաջարկում էր մեր կառավարությանը վերականգնել նախկինում թոշակառուներին տրված՝ տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունը: Նրա խոսքերով՝ թոշակի հույսին մնացած ծերերը մի կերպ են ծայրը ծայրին հասցնում եւ սննդի հարցերը հոգում, էլ ուր մնաց կողմնակի խնդիրներ լուծեն. «Ուզում ենք գնանք, ման գանք, գոնե ժամանակ անցկացնենք, բայց անգամ չենք կարող տրանսպորտից օգտվել, այդ 200-300 դրամները, որ պետք է տանք ավտոբուսներին՝ հաց կառնենք: Բացի այդ, այսօր մեր հանրապետությունում կան թոշակի տարիքի մարդիկ, որոնք տարբեր պատճառներով թոշակ չեն ստանում: Նրանց համար առավել դժվար է տնից դուրս գալ ու ինչ-որ տեղ գնալ»:

80-ամյա թոշակառուն ԱԺ պատգամավորներին էլ մի առաջարկ ուներ: Նա խնդրում էր, որպեսզի օրենսդիրները հարց բարձրացնեն ծերանոցում ամուսնացած զույգերի մասին, որոնք, Ա. Հովսեփյանի կարծիքով, պետք է դուրս գան ծերանոցից եւ ունենան սեփական բնակարանը. «Պատգամավորներն ամբողջ օրը խոսում են փոփոխություններից, վստահեցնում, որ ծերերի համար այսուհետեւ լավ է լինելու, այ, եթե ծերանոցում ամուսնացած զույգերին բնակարան տան, դա կլինի փոփոխություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել