Վերջերս մեկը մյուսի հետեւից փակվել են «ԱրմենՏելի» մի քանի սպասարկման կետեր: Փակվել են մասնավորապես Վազգեն Սարգսյան, Սարյան եւ Տերյան փողոցներում գտնվող սպասարկման կետերը: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Ըստ լրատվամիջոցի, Հյուսիսային պողոտայում գործող սպասարկման կետի երկու հարկերում էլ մեծ հերթեր են գոյանում: «Panorama.am»-ի թղթակիցը շուրջ 20 րոպե սպասելով՝ այդպես էլ չի կարողացել սպասարկվել եւ այցելել է Չարենցի փողոցի սպասարկման կետ: Վերջինս այդքան էլ ծանրաբեռնված չի եղել, սակայն այդ պահին ազատ միակ աշխատակիցը հայտնել է, որ չի կարող սպասարկել, քանի որ համակարգիչ չունի: Ըստ նույն աղբյուրի, «ԱրմենՏելի» նորանշանակ տնօրեն Իգոր Կլիմկոն, որը նախկինում ղեկավարել է նմանատիպ ձեռնարկություն Տաջիկստանում, մայիսի 21-ին հրավիրված ասուլիսում նշել էր, որ այցելելով «ԱրմենՏելի» վաճառակետեր՝ պարզել էր, որ բաժանորդների սպասարկման որակը բավարար չէ: