Մայիսի 31-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, մի շարք երթուղայինների գծատերեր մոռացել էին, որ իրենք գիծը շահագործելու մրցույթը շահել են պայմանով, որ պետք է ուղեւորներին պատշաճ ծառայություն մատուցեն եւ երթուղին նորմալ սպասարկեն: «Առավոտը» 01.06.2009թ. «Տրանսպորտը ծառայում էր ընտրազանգվածին» հրապարակման մեջ արդեն անդրադարձել է այն երթուղագծերին, որոնք ընտրության օրը ընդամենը 3-4 միկրոավտոբուսով են գիծը սպասարկել, իսկ երթուղագծի մյուս «գազելներն» առավոտից երեկո ընտրողներին բնակավայրերից ընտրատեղամասեր են տարել: Այդ օրը բազմաթիվ ուղեւորներ կանգառներում ժամերով տրանսպորտի էին սպասում: Մասնավորապես տուժել են թիվ 41, 25, 20, 116, 20, 70, 82, 19, 5, 84, 123, 83, 56, 58, 261, 100, 39 եւ 4 երթուղայինները: Թիվ 20 երթուղայինը, որը սպասարկում է Ավան համայնքից մինչեւ Շենգավիթ, իր միկրոավտոբուսներով հանդերձ գտնվում էր Արաբկիր համայնքում եւ Թբիլիսյան խճուղու բնակիչներին տեղափոխում էր Քանաքեռ-ՀԷԿ-ում գտնվող ընտրատեղամասեր՝ ընտրության:
«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից հետաքրքրվեց, թե երթուղագծերի շահագործումը ստանձնած տնտեսվարողներն ինչո՞ւ գիծը նորմալ չեն սպասարկում եւ արդյոք ենթարկվելո՞ւ են պատասխանատվության ուղեւորներին կանգառներում թողնելու համար: Պարոն Նավասարդյանի խոսքերով. «Ձեր նշած բոլոր երթուղայիններն էլ իրենց գիծը սպասարկել են: Գծատերերը հաշվետվությամբ ներկայացրել են մեզ այդ գծերի չվացուցակները, ամեն ինչ նորմալ էր»: Մեր այն դիտարկմանը, թե գծատերերն ինչպե՞ս կարող էին խախտումներով չվացուցակ ցույց տալ, եթե դրա համար պատասխանատվության են ենթարկվելու, նա պատասխանեց. «Ես էլ եմ շրջել փողոցներով, ոչ մի կուտակում էլ չեմ նկատել: Եթե դուք չեք հավատում մեզ ներկայացրած հաշվետվությանը, ապա թույլ տվեք՝ ես էլ չհավատամ ձեր ստացած դժգոհություններին»: Չնայած դրան, պարոն Նավասարդյանը չբացառեց այն, որ որոշ երթուղայիններ, այնուամենայնիվ, ընտրողներին տեղափոխել են ընտրատեղամասեր. «Դա, ըստ ամենայնի, արել են այն երթուղայինները, որոնք իրենց հասանելիք հանգստյան օրն էլ են որոշել աշխատել ու ընտրողներին տեղափոխել իրենց քաղաքացիական պարտքը կատարելու»: