Պլաստիկ վիրաբույժների հավաստմամբ, ավելի հեշտ է հայկական քիթ վիրահատել, քան չինական
Այսօր քթի վիրահատությունը Հայաստանում դարձել է կույրաղիք հեռացնելու նման մի բան: Եթե կույրաղիքի վիրահատություն կատարում են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ապա քթի պլաստիկ վիրահատության դիմում են անգամ ոչ անհրաժեշտության դեպքում: Մասնագետների ներկայացմամբ, շատ երիտասարդ աղջիկներ են դիմում իրենց՝ ցանկանալով ձեւափոխել իրենց գենետիկ քիթը: Նրանք բժիշկներից խնդրում են այնպես անել, որ նմանվեն իրենց համար կուռք դարձած երգչուհի-դերասանուհիներին: Սակայն պարզվում է, վիրահատությունից հետո գեղեցիկ քիթ ստանալն այնքան էլ դյուրին բան չէ: Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս քթի պլաստիկ վիրահատության դիմել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Մասնագետների կարծիքով, լինում են դեպքեր, երբ վիրահատությունից հետո հնարավոր է տեսողության, շնչառության կամ հոտառության հետ կապված խնդիրներ առաջանան: Եթե մինչ վիրահատությունը քթի նկատմամբ հատուկ խնամք չէին տանում, ապա վիրահատությունից հետո պետք է շատ «հոգատար» լինել մարմնի այդ մասի նկատմամբ, որպեսզի բարդություններ չլինեն:
«Առավոտի» հետ զրույցում պլաստիկ վիրաբույժ Աշոտ Զարգարյանը վստահեցրեց, որ իրենք նախքան վիրահատությունը հատուկ թերթիկ են տրամադրում, որտեղ մանրամասն նկարագրված է վիրահատությունից հետո ինչ հավանական խնդիրներ կարող են առաջանալ. «Այդտեղ նշված են թե դրական եւ թե բացասական երեւույթները: Դիմողը ծանոթանում է, եւ եթե կան կասկածներ, ապա չեն դիմի վիրահատության: Ամեն դեպքում, հիվանդը այդ փաստաթղթի տակ ստորագրում է: Պետք է ասել, որ լուրջ բարդություններ քիչ են լինում: Օրինակ, եթե մարդու մոտ թոքերի կամ սրտանոթային խնդիրներ կան, ապա վիրահատություն չեն անում»: Ինչ վերաբերում է առողջ, բայց տգեղ հայկական քթով մարդկանց, ապա բժիշկները խորհուրդ են տալիս առանց վախենալու վիրահատել. «Եթե մարդն իր արտաքինի հետ ներդաշնակ չէ եւ կարծում է, որ վիրահատությունից հետո կյանքը կփոխվի, կոմպլեքսներից կազատվի ու իրեն երջանիկ կզգա, ապա ինչո՞ւ չվիրահատել»: Մեր այն հարցին, թե տեսակետ կա, որ քթի վիրահատությունը շատ դեպքերում ազդում է տեսողության վրա, պարոն Զարգարյանն ասաց. «Այո, գրականության մեջ նման բան կա, բայց մեզ մոտ եզակի են դեպքերը»:
Մեզ հետ զրույցում պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանն էլ այն կարծիքին էր, որ եթե վիրահատությունը կատարվի գրագետ, ապա ոչ մի խնդիր էլ չի առաջանա: Այն, որ պլաստիկ վիրահատության վերջերս սկսել են նաեւ դիմել տղամարդիկ, Ա. Միքայելյանն էլ հաստատեց, չնայած բժիշկը հիմնականում մերժում է տղամարդկանց. «Որ կանայք են դիմում՝ էլի հասկանալի է, նրանցից ամենուր գեղեցիկ արտաքին են պահանջում: Թե ընկերոջ, թե կարիերայի համար կանայք շատ են ուզում փոխել իրենց արտաքինը, բայց որ տղամարդիկ են ուզում փոխել՝ ես դեմ եմ»: Պարոն Միքայելյանի վստահեցմամբ՝ ինքը նույնիսկ հրաժարվում է վիրահատել այն կանանց, ովքեր դիմել են իրեն՝ ոչ իրենց ցանկությամբ. «Կին կա, որ մեծ քթով շատ էլ լավ է իրեն զգում, բայց ծնողները կամ ընկերը համոզում են վիրահատել: Այդ կանանց մոտ հոգեկան ապրումներ են լինում համոզելու պահին, բայց դա անցողիկ է, իսկ վիրահատության արդյունքը՝ մնայուն, ու ես չեմ ուզում, որ այդ կինը 50 տարեկանում ասի՝ գուցե չարժե՞ր վիրահատել: Մի հիվանդ ունեի, որին իր դասախոսն էր դրդել դիմել վիրահատության, ասել էր, եթե քիթդ չվիրահատես՝ դերասանի կարիերա չես ստեղծի: Ես գտնում եմ, մարդը պետք է ինքնուրույն որոշում կայացնի, եւ եթե ցանկանում է իր ներաշխարհի հետ համապատասխանեցնել քիթը, ապա կարելի է վիրահատել»:
Շատ բժիշկներ ասում են, որ հայկական քթերը վիրահատելը բավականին բարդ է: Նույնիսկ արտերկրի վիրաբույժները զարմանում են տեղական մասնագետների հմտության վրա: Իսկ ահա պարոն Միքայելյանը գտնում է, որ չինական քթերը վիրահատելն ավելի բարդ է, քանի որ, եթե հայերի մոտ ավելորդ ոսկորն են կոտրում ու վերացնում, ապա չինացիների մոտ ուղիղ ու սիրուն քիթ ստանալու համար մարմնի մեկ այլ հատվածից ոսկոր են պոկում ու կցում քթին:
Ըստ պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի՝ «Հատկապես վերջին 3-4 տարիների ընթացքում է ավելացել պլաստիկ վիրահատության դիմողների թիվը: Ես այս բնագավառում աշխատում եմ 10 տարի, եւ նկատելի է, որ սրանից 4 տարի առաջ հաճախորդները 5 անգամ քիչ էին: Հատկապես ամռան ամիսներին այցելուների թիվը անհամեմատ շատանում է: Դիմում են կրծքի մեծացման, մաշկի ձգման, փորի, շուրթերի, կոպերի եւ, որ ամենատարածվածն է՝ քթի վիրահատության համար»: Վիրաբույժի խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ երիտասարդ սերունդը շատ ուշադիր եւ բծախնդիր է դարձել իր արտաքինի նկատմամբ. «Ավելի հաճախ դիմում են 18-25 տարեկան աղջիկները: Շատ քչերն են դիմում շնչառական կամ այլ խնդիրների լուծման համար: Իհարկե, այս վիրահատությունները եւս ունեն իրենց բարդությունները. 10-15 օր է պահանջվում այտուցներից եւ կապտուկներից ազատվելու համար եւ եւս 2 ամիս՝ ապաքինման եւ քթի՝ վերջնական տեսք ընդունելու համար»:
Հիվանդանոցում հանդիպեցինք 20-ամյա Ասյային, որը 1 ամիս առաջ էր քիթը վիրահատել: «Ես այժմ ունեմ այն արտաքինը, ինչի մասին երազում էի տարիներ շարունակ: Ինձնից մեծ ջանքեր պահանջվեցին վիրահատվելու համար, բայց հիմա չեմ զղջում: Ընդհակառակը, այս քայլը իմ կյանքում շատ բան փոխեց դեպի լավը, նույնիսկ բնավորությանս մեջ շատ բաներ են շտկվել. ես ազատվել եմ իմ թերարժեքության բարդույթից, ավելորդ ամոթխածությունից»,- ասաց Ասյան: