Ֆինանսների նախարար Տիգրան Դավ թյանը երեկ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանին $500 միլիոնի չափով պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը: Նախարարի ներկայացմամբ, տարեկան կտրվածքով վարկի տոկոսները կազմելու են շուրջ $20 մլն, իսկ Հայաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ այդ տոկոսները վճարելու համար: Ըստ Տ. Դավթյանի, Ռուսաստանի կողմից առաջարկվող վարկը թեեւ կոնցեսիոն կամ արտոնյալ վարկ չի համարվում, բայց համաշխարհային ֆինանսական շուկայում այս վարկի պայմանները բավականին մեղմ են գնահատվում:
Նախարարը պատգամավորներին տեղեկացրել է նաեւ, թե ինչպես է նախատեսված տեղաբաշխել վարկը: Գումարների մի մասն ուղղվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում կատարվող շինարարությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, «Նաիրիտ» քիմիական գործարանին, բաժին կհասնի նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատերերին:
Պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ ռուսական վարկը տրվում է առեւտրային վարկին հատուկ պայմաններով, քանի որ տոկոսադրույքները խիստ բարձր են:
Նշենք, որ վարկը Հայաստանին է տրամադրվում 15 տարով, որից առաջին 4 տարին լինելու է արտոնյալ, ինչը նշանակում է, որ այդ տարիների ընթացքում մեր պետությունը մարելու է միայն տոկոսադրույքը: Վարկի տրամադրման տոկոսադրույքը «LIBOR+ 3»% է: «LIBOR»-ի դրույքաչափը կազմում է մոտ 1,22%, այսինքն, Հայաստանին տրված գումարի ընդհանուր տոկոսադրույքը կազմում է մոտ 4%: