Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՋՈՂՎԱԾ «ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՆԱԿՆԿԱԼ»

Հունիս 03,2009 00:00

ՓՄՁ-ներին տեսչական ստուգումներից ազատելու մասին որոշումը չի վերաբերում հենց այն կոմիտեին, որից, սովորաբար, ամենաշատ դժգոհություններն են հնչում. խոսքը Պետեկամուտների կոմիտեի մասին է:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների համար մայիսի 29-ին կառավարությունը «անակնկալ» էր պատրաստել: Ընդ որում, վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով, այդ անակնկալն այնքան աննախադեպ էր, որ նա չհամբերեց այդ մասին հայտարարել կառավարության հերթական նիստում, այլ տեղեկացրեց նիստից 1 ժամ առաջ Ազգային ժողովում՝ 2008-ի պետբյուջեի կատարողականը ներկայացնելիս:

Խոսքը վերաբերում է նրան, որ այս տարվա հունիսի 1-ից մինչեւ 2011-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՓՄՁ-ները ազատվում են տեսչական ստուգումներից: Տ. Սարգսյանը այս որոշումը անվանեց աննախադեպ եւ հավելեց, որ «այդ ամենը արվում է տնտեսական բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու եւ տնտեսության արդի մարտահրավերները հնարավորիս արագ հաղթահարելու համար»: Ըստ վարչապետի. «Նպատակ ունենք առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար՝ ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու նպատակով: Համոզված եմ, որ մեր հակաճգնաժամային դիմադրողականությունն այս առումով կավելանա»:

Այս բավականին տպավորիչ ելույթն ու «աննախադեպ» որոշումը իսկապես ուրախացրեց փոքր տնտեսվարողներին, սակայն պարզվեց, որ վաղօրոք ուրախանալն անտեղի էր:

Բանն այն է, որ կառավարության կողմից հրապարակած ցանկում, որտեղ նշված են բոլոր գերատեսչությունների անվանումները, որոնք իրավունք չունեն մինչեւ 2011-ի հունվարի 1-ը ՓՄՁ-ներին նեղություն տալու, բացակայում է Պետական եկամուտների կոմիտեն: Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունն այնքան էլ աննախադեպ չէր, քանի որ գործարարների ամենամեծ գլխացավանքը հենց հարկային եւ մաքսային տեսուչներն են, որոնք, անգամ առանց նախապես զգուշացնելու, իրենց սրտի ուզած պահին կարող են ներխուժել ցանկացած տնտեսվարողի մոտ եւ ստուգումներ անցկացնել:

Կառավարությունը ՓՄՁ-ներում տեսչական ստուգումներ անցկացնելու իրավունքից զրկել է 22 գերատեսչությունների, որոնցից շատերը, այսպես թե այնպես, հազվադեպ էին անհանգստացնում տնտեսվարողներին: Օրինակ, դժվար թե արդարադատության նախարարության, քաղաքաշինական պետական տեսչության, տարածքային կառավարման նախարարության կամ, ասենք, մետաղափորձական վերահսկողության պետական տեսչության ու պետական հրդեհային հսկողության մարմինները տարվա մեջ մի քանի անգամ ստուգումներ իրականացնեն տնտեսվարողների մոտ: Եթե անգամ այս գերատեսչություններից որեւէ մեկը ստուգումներ է իրականացնում, ապա միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ միայն հատուկ տվյալ ոլորտում մասնագիտացված հատուկենտ ընկերություններում: Որպես կանոն, տրանuպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունը ստուգումներ չի իրականացնում կաթի վերամշակման կամ պահածոների արտադրամասում կամ, ասենք, արդարադատության նախարարության աշխատակիցները չեն շրջում սուպերմարկետներում ու տարբեր արտադրամասերում՝ «կրիմինալ» բացահայտելու ակնկալիքով: Նույն կերպ էլ տնտեսվարողները, որպես կանոն, չեն դժգոհում նրանից, որ բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության, գյուղատնտեսական տեխնիկայի տեսչության, էներգետիկայի պետական տեսչության, կրթության եւ գիտության նախարարության կամ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ու միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակիցները ստուգումներով պարբերաբար անհանգստացնում են իրենց:

Թե այս որոշումը ինչպես է նպաստելու ՓՄՁ-ների հակաճգնաժամային դիմադրողականության բարձրացմանը՝ այնքան էլ հասկանալի չէ, քանի որ տնտեսվարողների հիմնական դժգոհությունները մինչ օրս առնչվել են հիմնականում Պետեկամուտների կոմիտեին:

Նշենք, որ վերոնշյալ 22 գերատեսչությունների ստուգումներից էլ ազատվել են միայն այն ՓՄՁ-ները, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է ոչ ավելի, քան 70 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել