Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի հետ յոլա չգնաց

Հունիս 03,2009 00:00

\"\"Ըստ Ռոբերտ Ավագյանի՝ նա ուզում էր իրենց պարեցնել իր դուդուկի տակ

Փաստահավաք խմբում կոալիցիայի ներկայացրած անդամ Ռոբերտ Ավագյանը, որը հրաժարվում է մասնակցել խմբի աշխատանքին՝ երեկ «Դե ֆակտո» ակումբում ասաց, թե համաձայն է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ առկա այն պնդումներին, թե խումբը քաղաքականացվել էր ու ստեղծվել էր անհանդուրժողական մթնոլորտ: Այնուամենայնիվ՝ իր համար անհասկանալի համարեց Արմեն Հարությունյանի կեցվածքը, նրան համեմատելով Հռոմի պապի հետ, «այսինքն՝ անսխալական կամ անմեղայանչական կեցվածքը»: Չպարզաբանելով նման համեմատության պատճառները՝ էլի ճշմարտություն համարեց Պաշտպանի պնդումը, թե փաստահավաքում իշխանության ներկայացուցիչները մատնվել էին անգործության: Ռոբերտ Ավագյանն ուղղակի իրենց պահվածքը պատճառաբանեց այսպես. «Մենք մեր պասիվությամբ հնարավորություն ենք տվել ընդդիմությանը, որպեսզի նրանք ակտիվ աշխատեն»: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հաստատեց, որ Վահե Ստեփանյանի հրաժարականից հետո չի գնացել աշխատավայր: Ըստ նրա՝ մայիսի 18-ին «Անդրանիկ Քոչարյանն անձնական խորը վիրավորանք էր հասցրել Վահե Ստեփանյանին: Այստեղ մենք բացարձակապես ոչ մի կապ չունենք: Ռուսը կասեր՝ օն եգո դաստալ»: Պատմեց, որ աշխատանքի է գնացել մայիսի 19-ին. «Նորից ղալմաղալ էր: Ես եւ Թովմասյանը դուրս ենք եկել՝ չենք պատասխանել նրանց: Մայիսի 20-ին նորից հայհոյանքներ, լուտանքներ… Արձակուրդից հետո տեսնելով, որ արդեն մենք 4 հոգի ենք մնացել՝ նա նորից իր գիծն էր տանում, այսինքն՝ իր կանոնագրքով եկել է եկեղեցի եւ ուզում է՝ մենք անպայման իր դուդուկի տակ պարենք: Ես որոշեցի, որ ես այստեղ անելիք չունեմ»:

Ավելի վաղ Ռոբերտ Ավագյանը լրագրողներին առաջարկել էր, որ եթե 2 ժամ «յոլա գնան» Անդրանիկ Քոչարյանի հետ՝ «Տղամարդու պես խոսք եմ տալիս, որ ես նորից կվերադառնամ Փաստահավաք խումբ»: Նա էլի կրկնեց, թե սկզբում լավ են եղել հարաբերություններն Անդրանիկ Քոչարյանի հետ, եւ համաձայնել է նրա բոլոր առաջարկներին. «Լարումները սկսվեցին այն ժամանակ, երբ որ Համլետ Թադեւոսյանի հետ կապված պարոն Քոչարյանը ներկայացրեց իր օպուսը»: Ըստ նրա՝ անընդհատ դիտողություններ են արել. «Եվ անընդհատ նրան ասվել է, որ պարոն Անդրանիկ, պետք չի էն բանի մեջ մազ ման գալ: Նկատի ունեմ հետեւյալը: Օրինակ, հատուկ քննչական ծառայությունն անփութորեն քննիչ Մանգոյանի ազգանունը ներկայացրել է որպես Մանգասարյան: Հիմա եղել է: Ռուսը կասի՝ չեվո գրեշիծ: Բայց դրանից պրոբլեմ ստեղծել, կառուցել մի կառույց, որ տեսե՜ք՝ սա արվել է հատուկ, որովհետեւ սրա տակ ինչ-որ բան կա՝ ես դրա հետ կտրականապես համաձայն չեմ»: Ավագյանն ասաց, թե դեմ է եղել մարտի 1-ին զոհված ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին եզրակացությունը ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ուղարկելուն, քանի որ Փաստահավաք խումբը չի ունեցել միջանկյալ այդպիսի եզրակացություն ուղարկելու իրավասություն: Ըստ նրա, եթե իրեն լսեին եւ չուղարկեին, ապա ընդդիմության համար էլ շատ նպաստավոր հետեւանքներ կարող էին լինել. «Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը կշարունակեր իր երթը. կբացահայտվեր նաեւ մյուս 9 մահվան դեպքերի հանգամանքները: Դրանից հետո նա կբացահայտեր Բեն Լադենի տեղն ու կստանար իր 50 միլիոնը, դրանից հետո նրան կգործուղեին Ստոքհոլմ, եւ նա կբացահայտեր վարչապետ Ուլոֆ Պալմեի մահվան հանգամանքները: Իսկ այնտեղից էլ՝ ուղիղ ճանապարհ դեպի ԱՄՆ՝ բացահայտելու Ջոն Քենեդիի սպանությունը»:

«ՀԺ»-ի հարցին ի պատասխան, թե իրականում խումբը կազմալուծվել է, քանի որ 3 նոր զեկույցներ էին նախապատրաստվում՝ Ռոբերտ Ավագյանը սկսեց պատմել համակարգչային մի մուլտֆիլմի, «Սանտա Բարբարա» սերիալի մասին եւ հետո նոր ասաց. «Եթե մենք ընդունենք, որ մեր իրականության մեջ բոլոր երեւույթները փոխկապակցված են՝ կարելի է նաեւ ձեր վարկածն առաջ քաշել»: Եվ հերքեց, թե նման բան չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել