ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ երեկ խորհրդակցություն է անցկացրել համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ: Նա հանձնարարել է մինչեւ հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները: ՀՀ նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաեւ քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները: Հիշեցնենք, որ հունիսի 15-ից մեկ շաբաթ անց՝ հունիսի 24-ին, ԵԽԽՎ-ում քննարկվելու է Հայաստանի հարցը:
Հանրային խորհուրդը երեկ «Կոնգրես» հյուրանոցում անցկացրել է իր առաջին լիագումար նիստը։ Օրակարգում ընդգրկված երեք հարցերից մեկը համաներում հայտարարելու մասին էր: Խորհրդի անդամների քննարկմանն էր ներկայացվել փոխզիջումների հետեւանքով ընդունված որոշման նախագծի նախնական տարբերակը: Նրանում, մասնավորապես, նշվում է, որ համաներումը հասարակական հնչեղություն ունեցող խնդիրներից է, այն կարող է մեղմել ներհանրային կյանքում առկա լարվածությունը, խթանել հանդուրժողականության եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը: Ըստ որոշման նախագծի՝ համաներման առաջարկը ՀՀ նախագահին ներկայացնելու համար անհրաժեշտ կլինի այն քննարկել Հանրային խորհրդի կառույցներում, ինչպես նաեւ դիմել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին՝ «համաներման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով»:
Իսկ քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ Հայկ Քոթանջյանը երեկ արդեն իսկ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցների նկատմամբ համաներում կիրառելու խնդրանքով: Նկատենք, որ ի տարբերություն Հանրային խորհրդի՝ գեներալին այս առաջարկի համար անհրաժեշտ չի եղել որեւէ նախնական քննարկում կամ հավելյալ տեղեկատվություն: