Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներումն ակտ է

Հունիս 03,2009 00:00

\"\"Իսկ նախագահը առաջարկում է խնդրագիր ներկայացնել

Մայիսի 28-ին Սարդարապատում խոսելով համաներման մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե հասարակության մեջ հասունացել է նման պահանջ, ինքը պատրաստ է օգտվել իր սահմանադրական իրավունքից, ու քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին կոչ արեց իրենց առաջարկությունները ներկայացնել նախագահական նստավայր: «Եթե արդյունքում պարզվի, որ իրոք կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա ես անմիջապես կօգտվեմ իմ սահմանադրական իրավունքից եւ կդիմեմ Ազգային ժողով»,- ընդգծեց նախագահը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում մի իրավաբան, ով չցանկացավ հրապարակել իր անունը, անդրադառնալով նախագահի հայտարարությանը՝ պարզաբանեց. «Համաներումը ակտ է եւ քաղաքական ուժերի ու հասարակական գործիչների քննարկման առարկա չէ: Դա քննարկվում է համապատասխան կաբինետում: Նախագահը դրանով ապացուցեց, որ այդ խոսակցությունները, որոնք, ի դեպ, վերջին շրջանում երկրի երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահի շուրթերով նորից ակտիվ բնույթ ստացան, պարզապես փուչիկ են: Նախագահի ասածը այդ իրավաբանական կատեգորիայի հետ կապ չունի: Դա պետք է հասկանալ այսպես՝ կալանավորված տղաները ներում չխնդրեցին, հիմա եկեք ազգովի խնդրեք՝ ես էլ կմտածեմ»:

ՀՀ նախագահի աշխատակազմում կա «ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչություն»:

Ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունն ապահովում է հանրապետության նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքական ապաստան տալու, Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրելու, բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական ու այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաեւ դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը»: Վարչության պետն է Ջեմմա Հակոբյանը: Հղումներ անելով այս գործառույթներին՝ մեր զրուցակից իրավաբանը փաստում է, որ եթե նախագահը ցանկանում է համաներում հայտարարել՝ նա համապատասխան օրենքի նախագիծ է ներկայացնում Ազգային ժողով, խորհրդարանն էլ հաստատում է: Այլապես՝ ստացվում է, որ նախագահը հրապարակավ հայտարարում է, որ մասսայական ներման խնգրագրեր գրվեն, ինքն էլ կորոշի՝ ում ներել, ում՝ ոչ: «Ուրեմն նախագահը չգիտե՞, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը եւ ողջ հասարակությունն արդեն մեկ տարուց ավելի խոսում են համաներման անհրաժեշտության մասին, չի՞ հասկացել, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա, դեռ նո՞ր պիտի պաշտոնապես դիմեն իրեն՝ հետո կերեւա»,- տարակուսում է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել