Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄԱՐՏԵՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հունիս 03,2009 00:00

Ընդդիմությունը խոստովանում է, որ մայիսի 31-ին ինքն անզոր էր պայքարել պետական մեքենայի դեմ

Եթե Երեւանի ավագանու ընտրություններից երեք օր անց առանց էմոցիաների ու սառը դատողությամբ գնահատենք այն, ինչ մայիսի 31-ին տեղի ունեցավ մայրաքաղաքի տարբեր համայնքների ընտրական տեղամասերում, ապա պիտի, թերեւս, արձանագրենք, որ բացառությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի երկու ընտրատարածքների՝ թիվ 7 եւ 8, մյուս բոլոր ընտրատարածքներում ակնհայտորեն ավելի թեժ էր ՀՀԿ-ԲՀԿ, քան իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը: Ամենեւին էլ պատահական չէր, որ ամենասուր բախումներն ու միջադեպերը պետք է լինեին հիմնականում այս ուժերի միջեւ, որովհետեւ նրանք էին, որ ընտրակեղծիքների կիրառման գրեթե հավասար հնարավորություններ ունեին՝ գումարած իրավապահների օժանդակությունը կամ անգործությունը, ինչը նույն բանն է:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինս՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, թեեւ նախապես կանխատեսել էր, որ ընտրությունների վերջին օրերին ու քվեարկության օրը իշխանությունները փորձելու են մեծ գումարներ դնել շրջանառության մեջ, այդուհանդերձ, ընտրություններից հետո հերթական անգամ խոստովանեց, որ ինքն անզոր է ընտրակեղծիքների մեքենայի դեմ, որ չէր պատկերացնում, թե իշխանությունը էլի ընդդիմության նկատմամբ բռնությունների կդիմի: ՀԱԿ-ը մինչեւ ընտրությունները համայնքային հանդիպումների ժամանակ ընտրողներին կոչ էր անում ակտիվորեն մասնակցել քվեարկությանն ու փոխարենը խոստանում էր «պահել» նրանց ձայները: Ավելին, հայտարարում էր, թե մշակում է հնարավոր կեղծիքների դեմ հակաքայլերի իր մեխանիզմը, հավաստիացնում էր, թե ռեժիմը չի կարող գնալ բիրտ քայլի, ասում էր, որ քվեարկության օրը ձեւավորելու է «ժողովրդավարության պաշտպանության կոմիտեներ, եւ ընտրության օրը հավաքվելու են տեղամասերի շուրջ՝ վերահսկելու քվեարկության օրինականությունը»: Ուրեմն, ի՞նչ եղան այդ խոստումները եւ ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել կեղծիքներն ու ապօրինությունները:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով, ընտրակեղծիքները կանխել չի հաջողվել, որովհետեւ ընտրությունների ընթացքում ընդդիմության դեմ գործել է «մշակված, տոտալիտար, պետական մակարդակով կազմակերպված մի ծրագիր, որը լուծել է երեք խնդիր: Առաջին՝ ի հայտ բերել այն մարդկանց, որոնց հնարավոր է կաշառել, եւ նրանց բերել տեղամասեր: Երկրորդ՝ ամեն ինչ արվել է ՀԱԿ-ի օգտին պոտենցիալ քվեարկողներին ահաբեկելու եւ նրանց տեղամասերին անգամ մոտ գալը թույլ չտալու համար, նրանցից շատերի անձնագրերն ուղղակի բռնագրավվել է՝ ընտրություններից հետո ետ վերադարձնելու պայմանով: Երրորդ՝ քվեարկվել է մահացածների ու երկրից բացակայողների փոխարեն»: Ինչ վերաբերում է կեղծիքների կասեցման մասին խոստմանը, ապա Լ. Զուրաբյանն ասաց, թե այն հակաքայլերը, որ մշակել էր Կոնգրեսը, անիմաստ էր կամ կարող էր վիժեցնել ընտրակեղծիքների միայն մի չնչին մասը. «Եթե այդ լայնածավալ կեղծիքները կատարվեին ոչ թե խունտայի կողմից՝ պետական մակարդակով համակարգված ձեւով եւ ոստիկանության օժանդակությամբ, այլ իշխանական կուսակցությունների շտաբների, մենք կկարողանայինք դա կասեցնել: Բայց պետական իշխանության համակարգված ծրագրի դեմն առնել հնարավոր չէր: Մենք պարզապես հույս ունեինք, որ իշխանությունները կհասկանան, որ քաղաքական այս պայմաններում դա անընդունելի է, եւ չեն դիմի դրան: Բայց դա արվեց, օգտագործվեց նաեւ բանակի ռեսուրսը, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների, ինչի վերաբերյալ մենք բազմաթիվ փաստեր ունենք»:

Ըստ ՀԱԿ-ի համակարգողի, քվեարկության օրը ընտրությունների տեղամասերի մոտ օրինականությունը վերահսկող խմբեր գործել են տեղամասերից դուրս, բայց նրանք միայն արձանագրել են անօրինականության՝ մարդկանց տեղամասեր բերելու, կաշառք բաժանելու փաստերը, իսկ կանխել դա նրանք չէին կարող, որովհետեւ, Լ. Զուրաբյանի ասելով՝ «նրանք հո չէի՞ն կարող օրինականության վերահսկողության պետության գործառույթներ ստանձնել: Ի՞նչ պիտի անեինք՝ ծեծեի՞նք: Նրանք արձանագրել են փաստը, ահազանգել են իրավապահ մարմիններին»:

«Առավոտը» հիշեցրեց, որ 2008թ. ընտրություններից հետո էլ ընդդիմությունը հայտարարեց, թե չէր պատկերացնում, որ ընտրակեղծիքներն ու բռնությունները այդքան մեծամասշտաբ կլինեն, որ իշխանությունը կարող է սեփական ժողովրդի վրա կրակել: Այդ ամենից հետո ընդդիմությունը հիմա էլ է նույնը հայտարարում: Արդյոք դա չի՞ նշանակում, որ ընդդիմության կողմից իրավիճակի ու իշխանության հնարավորությունների ոչ ադեկվատ գնահատումը արդեն խրոնիկ բնույթ է կրում, եւ նա անպատրաստ է դիմագրավել այդ մարտահրավերներին: «Այդպես չէ: Անգամ, եթե ընդդիմությունը դա պատկերացնում էր, ի՞նչ է՝ մենք պետք է հրաժարվե՞նք քաղաքական, ժողովրդի իրավունքների համար պայքարից»,- մեր դիտարկմանը արձագանքեց Լ. Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել