Արգենտինայում եւս 15 մարդ վարակվել է H1N1-ով: Այսպիսով, այդ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115-ի: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին: Աղբյուրը հայտնում է, որ Արգենտինայի հյուսիսային գավառներից մեկում՝ Ժուժույում արդեն մահացել է մի երիտասարդ, որի մոտ առկա են եղել հիվանդության բոլոր ախտանիշները:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Արգենտինայի առողջապահության փոխնախարար Կարլոս Սորատտին նշել է, որ ներկայումս մասնագետները կատարում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, որ հաստատեն կամ հերքեն երիտասարդի մահվան պատճառը խոզի գրի՞պն է, թե՝ ոչ: Կ. Սորատտիի խոսքերով, հետազոտության արդյունքները պարզ կլինեն առաջիկայում:
Կ. Սորատտին նաեւ նշել է, որ վարակվածների 90%-ը դպրոցահասակ երեխաներ են: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել Արգենտինայի մի շարք դպրոցներում ժամանակավոր դադարեցնել դասընթացները:
Ա գրիպով վարակվածների թվում է վերջերս աշխատանքային այցով ԱՄՆ-ից վերադարձած Արգենտինայի ԱԳՆ աշխատակիցներից մեկը: Իսկ այն 35 մարդիկ, ում հետ շփվել է պաշտոնյան, մեկուսացված են ու գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ Հարավային Ամերիկայում Ա գրիպով վարակվածների ամենաշատ դեպքերը նկատվում են Չիլիում, որտեղ վարակվածների թիվն արդեն 276-ի է հասնում: Հիվանդներից 3-ի վիճակը ծանր է, նրանցից մեկը գտնվում է կոմայի մեջ:
Հայաստանում դեռեւս այդ առումով խուճապ չկա, քանի որ խոզի գրիպի որեւէ դեպք չի արձանագրվել: