Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ՝ «ՄԵԾ ՇԼԵՄԻ» ՀԱՂԹՈՂ

Հունիս 02,2009 00:00

\"\"Մայիսի վերջին օրը Մոսկվայի «Դրուժբա» մարզահամալիրում ավարտվեց ձյուդոյի մեծահասակների «Մեծ Շլեմ» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 39 երկրների 320 մարզիկներ, այդ թվում՝ նաեւ կանայք:

Տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացնում էին մինչեւ 60 կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանը եւ Արթուր Սրապյանը, ինչպես նաեւ Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ), իսկ աղջիկների պայքարում մեր միակ մասնակիցը մինչեւ 52 կգ քաշային Անուշ Հակոբյանն էր:

Մոսկովյան տատամին անչափ հաջողակ եղավ Հովհաննեսի համար: Նա նախնական գոտեմարտերում հերթականությամբ պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Լեպիկին, ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին, Բեսլան Մուդրանովին (Ռուսաստան) եւ մտավ եզրափակիչ, որտեղ նրան անձնատուր եղավ նաեւ Ճապոնիայի ներկայացուցիչ Մասաակի Ֆուկուոկոն: Տանելով միայն հաղթանակներ՝ Հովհաննես Դավթյանը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճան՝ միեւնույն ժամանակ վաստակելով նաեւ հաղթողի համար սահմանված $5 հազար դրամական մրցանակը:

Մրցանակից անմասն չմնաց նաեւ մեր մյուս առաջատար ձյուդոիստը՝ Արմեն Նազարյանը, որը երկու հաղթանակ տոնեց չեխ եւ գերմանացի մրցակիցների նկատմամբ, սակայն երրորդ գոտեմարտում զիջեց իսպանացուն՝ բավարարվելով 5-րդ տեղով, որը նույնպես ձյուդոյում մրցանակային է համարվում:

Ցավոք, մեր մյուս մարզիկները պայքարը դադարեցրին դեռ նախնական փուլերում՝ զրկվելով մեդալների հեռանկարից: Նվաճած մեդալներով Հայաստանը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում գրավեց 8-րդ տեղը:

Մոսկվայում հանդես եկող այլ երկրների դրոշի ներքո նույնպես կային հայ ձյուդոիստներ: Մասնավորապես, Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի կազմում էին մինչեւ 66 կգ քաշայիններ Գեւորգ Գեւորգյանը, որը պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում, եւ Տիգրան Ղազարյանը: Իսկ Ուկրաինայի կանանց ընտրանու մեջ էր մինչեւ 78 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆլորա Մխիթարյանը:

Երեկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացրին, որ մեր մարզիկները մրցումների ավարտին մնացել են Ռուսաստանի մայրաքաղաքում՝ ուսումնամարզական հավաքների: Նրանք տուն են վերադառնալու հունիսի 5-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել