Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները լավ են լուսաբանվել իրենց TV-ներում

Հունիս 02,2009 00:00

Ըստ ԵՄԱ դիտարկումների, միայն սեփական հեռուստաալիք չունեցող ՀԱԿ-ին են բաժին ընկել բացասական լուսաբանումները:

2009 թ. ապրիլի 16-ից մայիսի 29-ը ԵՄԱ-ն Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ իրականացրել է հեռուստաալիքներով Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման դիտարկումը: Հետազոտությունն անցկացվել է 2 փուլով՝ նախընտրական քարոզչության նախաշեմ եւ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան: Երեկ «Ուրբաթ» ակումբում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց 7 հեռուստաալիքների շրջանում («Հ1», «ԱԼՄ», «հ2», «ԱրմՆյուզ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ») անցկացված մոնիտորինգի նախնական արդյունքները: Հետազոտությունն անցկացրածները այն կարծիքին են, որ ընտրությունների առավել հավասարակշիռ լուսաբանում է եղել «Հ1»-ի եթերում: «Հ1»-ով հիշատակումների 97.4%-ը կրել է չեզոք բնույթ: «Հ1»-ը այս անգամ համարյա օրինակելի լուսաբանում ապահովեց, ինչն ապացուցում է, որ եթե ուզում են՝ կարողանում են»,- ասաց Բ. Նավասարդյանը: Ըստ բանախոսի՝ եթերում ընտրություններից առաջ կուսակցությունների գործունեության եւ քարոզարշավի հետ կապված մեծ տարբերություն է եղել: Սակայն, ի տարբերություն 2008 թ. նախագահական ընտրությունների, որտեղ թեկնածուներից մեկի վերաբերյալ բացասական ինֆորմացիան աննախադեպ չափերի էր հասել, ըստ մոնիտորինգի տվյալների՝ այս ընտրությունների լուսաբանումը եղել է համեմատաբար անկողմնակալ. հիշատակումների 95.8%-ը չեզոք է եղել: Չնայած դրան, հեռարձակող ԶԼՄ-ներում առկա խնդրահարույց հիմնական միտումները շարունակվել են: Օրինակ, «ԱԼՄ»-ում ԺԿ կուսակցությանն ամենաշատ ուշադրությունն է հատկացվել ե՛ւ մինչ նախընտրական, ե՛ւ բուն նախընտրական շրջանում, դիտարկման երկու փուլերում էլ ԺԿ-ի առաջնորդին բաժին էր ընկել նրա կուսակցությանը հատկացված եթերային ժամանակի 98%-ը:

Լրատվամիջոցների ուշադրությունը մինչեւ վերջերս իշխող կոալիցիայի մաս կազմող 4 կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ) նկատմամբ եղել է ավելի համաչափ, քան ԺԿ-ի դեպքում: Եթերում ընդհանրապես, բացի ԺԿ-ից, տեղեկատվական ակնհայտ նախապատվություն է տրվել նաեւ ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ կուսակցություններին: ԲՀԿ-ն բացահայտ առաջատար է եղել «Կենտրոնի» եթերում, Դաշնակցությունը՝ «Երկիր Մեդիայում»: ՀՅԴ-ի բոլոր դրական հիշատակումները հնչել են «Երկիր Մեդիայում»: Նախընտրական քարոզչության շրջանում ՀՀԿ-ն «հ2»-ով եւ «ԱրմՆյուզ»-ով առաջատար է եղել ոչ միայն լուսաբանման ծավալով, այլեւ դրական հիշատակումներով: ԸՍՏ ԵՄԱ-ի դիտարկումների, ՀԱԿ-ը լուսաբանման ծավալով ետ չի մնացել մնացած կուսակցություններից եւ միակն է, որ նախընտրական քարոզչության շրջանում նշանային բնութագրիչ հիշատակումների առումով ունեցել է բացասական հաշվեկշիռ: Բ. Նավասարդյանն ասաց. «Եթե ԲՀԿ-ն, հասկանալի պատճառներով, հատուկ համակրանք ուներ «Կենտրոնում», ՀՅԴ-ն՝ «Երկիր Մեդիայում», ՀՀԿ-ն միանգամից 3 հեռուստաալիքում՝ «ԱրմՆյուզ», «Շանթ» եւ «հ2», ապա ՀԱԿ-ն այդպիսի ալիք չուներ, եւ միգուցե դա է պատճառը, որ ՀԱԿ-ն ունեցել է բացասական հաշվեկշիռ՝ 0 դրական եւ 4 բացասական»: ՀԱՍԿ-ի մասին էլ հետազոտության մեջ նշվում է. «Նախընտրական քարոզչության շրջանում հեռուստաալիքների ուշադրության առումով եղել է բացահայտ հետնապահի դիրքում: Այն եղել է միակը, որ չի ստացել ոչ մի նշանային բնութագրիչ հիշատակում»: Նախընտրական քարոզչության շրջանում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանն անձամբ իրեն հատկացված միագումար եթերաժամանակով հայտնվել է վերջին տեղում՝ զիջելով անգամ ՀԱՍԿ առաջնորդ Մովսես Շահվերդյանին: Բանախոսի կարծիքով՝ պատճառն այն է եղել, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը հրաժարվել էր բոլոր տեսակի հարցազրույցներից եւ բանավիճային հաղորդումներին մասնակցելուց: Քաղաքական գովազդի մասին էլ բանախոսը նշեց. «Այդ հնարավորությունը շատ քիչ է օգտագործվել կուսակցությունների կողմից, միայն 3 կոալիցիոն ուժերն են օգտագործել հեռուստաընկերություններում իրենց քաղաքական գովազդը դնելու համար: Մնացած կուսակցությունները նյութական պատճառներով իրենց ռեսուրսը չեն օգտագործել»: Հետազոտության մեջ նշվում է, որ դիտարկված բոլոր 7 հեռուստաալիքներով վճարովի քաղաքական գովազդից ամենից շատ օգտվել է ԲՀԿ-ն: Այս ցուցանիշով 2-րդը եղել է ՀՀԿ-ն, 3-րդը՝ ՕԵԿ-ը: 4-րդ տեղում գտնվող ՀՅԴ-ն վճարովի հեռուստաեթերից օգտվել է միայն մեկ հեռուստաալիքով՝ «Երկիր Մեդիայով»: Նույն կերպ է վարվել նաեւ ԺԿ-ն՝ իր վճարովի քարոզչական նյութերը դնելով միայն «ԱԼՄ»-ի եթերում: ՀԱԿ-ն իր քարոզչական նյութերը հեռարձակել է «Հ1»-ով: Բորիս Նավասարդյանը փաստեց նաեւ, որ կուսակցություններն ունեցել են նաեւ հաղորդումներ, որոնք նման են եղել գովազդի, բայց գրված չի եղել, որ քարոզչական նյութ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել