Հեռախոսային հարցազրույց՝ բալետային արտիստ Արման Գրիգորյանի հետ
Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող, միջազգային մի շարք մրցույթներում բարձր պարգեւների արժանացած Արման Գրիգորյանի դափնիները 2008թ. ավելացան եւս մեկով՝ Կաննի «Բալետային էտուալով»: Վերջինիս տիրոջը որոշում են ճանաչված բալետային քննադատները: Նշենք, որ իր հռչակով եւ պրոֆեսիոնալ պահանջներով այս մրցանակը համազոր է Կաննի միջազգային փառատոնի Գրան պրիին, եւ Ա. Գրիգորյանը բալետի հայ արտիստներից առաջինն է նման ձեռքբերումով:
– Յուրի Գրիգորովիչի՝ Խաչատրյանի «Սպարտակի» բեմադրությունն ապացուցեց, որ կարելի է փոքր եկեղեցում էլ մեծ պատարագ անել: Այս փաստը չի՞ հրապուրում Ձեզ, չասենք ընդմիշտ վերադառնալու, բայց գոնե՝ պարելու երեւանյան «Սպարտակում»:
– Ես եւ գործընկերներս ուրախ ենք նման հաջողության համար, շնորհավորում ենք հայ հանդիսատեսին եւ մեր կոլեգաներին: Բայց կուզեինք, որ Երեւանում էլ բալետային դասական խաղացանկը հարստանար ժամանակակից ներկայացումներով: Հասկանում եմ, որ սա երկար ժամանակ է պահանջում, քանի որ Երեւանի պարարվեստի քոլեջը չունի ժամանակակից բալետի դասարան, մասնագետներ, այդ թվում՝ բեմադրիչներ: Իմ ու ընկերներիս անունից հավաստիացնում եմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, դա կլինի մեր՝ արդեն ավանդական դարձած երեւանյան հյուրախաղերի ժամանակահատվածում կամ թե հրավերի տեսքով, Եվրոպայում ստացած մեր գիտելիքներն ու փորձը կներդնենք հայրենական ժամանակակից բալետի խթանման համար:
– Հայկական բալետային դպրոցը չի հասել իր զարգացման բարձր մակարդակին, որի համար նախադրյալներ էին ստեղծել Իլյա Արբատովը, Ֆեյա Բալաբինան, Մաքսիմ Մարտիրոսյանը, Նորայր Մեհրաբյանը եւ այլք: Դուք եւ «եվրոպաներում ծառայող» Ձեր կոլեգաները այս հարցում չե՞ք դատապարտում ինքներդ ձեզ:
– Մեր ոլորտում Հայաստանում աշխատանքային սիստեմն ու մթնոլորտը առայսօր մնացել է խորհրդային ժամանակներինը: Իհարկե, ե՛ւ քոլեջում, ե՛ւ թատրոնում տարվում է աշխատանք, բայց դա չես համեմատի արեւմտյան չափանիշների հետ: Արեւմուտքում աշխատանքային յուրաքանչյուր րոպեն թանկ է: Այնտեղ թե՛ քոլեջներում, թե՛ ներկայացումներում անընդհատ պետք է աճ նկատվի: Հակառակ դեպքում, անկախ դիրքից, զբաղեցրած պաշտոնից, կկորցնես աշխատանքդ: Սա քաղաքակիրթ աշխարհի դաժան օրենքներից մեկն է: Իհարկե, վաղ թե ուշ ես ու կոլեգաներիցս շատերը կվերադառնանք հայրենիք, բերելով աշխատանքային «նոր օրենքներ»: Իսկ այսօր ինչո՞ւ դատապարտենք մեզ, որ հրավերով աշխատում ենք Եվրոպայում, ձեռք բերում գիտելիքներ, ինչը վաղ թե ուշ անպայման պետք կլինի հայկական մշակույթին…
– Չէ՞ որ մշակութային, ազգային որոշակի դաշտի ներկայացուցիչը մեկ այլ երկրում, անկախ որակից, ի վերջո՝ օտար է այդ մշակույթին:
– Կրկնում եմ, ուրիշ բան է, որ Հայաստանում գործում է խորհրդային աշխատանքային սիստեմը, բայց չմոռանանք, որ մեր երկրում ունենք բալետի այնպիսի դպրոց, որն անցնելուց հետո ոչ միայն Եվրոպայում, այլեւ ողջ աշխարհում քեզ չես կարող օտար զգալ: 2002 թվականից Ցյուրիխում եմ ու հավատացնում եմ, իմ ու այստեղ հանդես եկող ընկերներիս համար ամենահարազատ բեմը, միեւնույն է, Երեւանի օպերային թատրոնում է եւ պահանջկոտ հանդիսատեսն էլ՝ Հայաստանում: Ցյուրիխում ստանում եմ բազմաթիվ առաջարկներ օտարազգիների կողմից, օրինակ՝ իտալացի աշխարհահռչակ Բոլիի հետ օգոստոսին կմասնակցեմ եվրոտուրին: Ուրիշ բան է, որ իմ մտածողությամբ, կոլորիտով, մենտալիտետով եղել, կամ ու կմնամ հայ, ինչի համար ուրախ եմ …