Լրահոս
Օրվա լրահոսը

6 ՏԱՐՈՒՄ՝ 200 ՄԼՆ ԵՎՐՈ

Հունիս 02,2009 00:00

Փարիզյան Chopard ոսկեղենի բուտիկից թանկարժեք քարերի եւ զարդերի կողոպուտի մեջ ոստիկանությունը կասկածում է «Վարդագույն հովազին»՝ միջազգային հանցավոր կազմակերպությանը, որն արմատներով Բալկաններից է եւ մասնագիտանում է ոսկերչական խանութների կայծակնային եւ շատ մանրամասն պլանավորած կողոպուտների մեջ: Այդ մասին տեղեկացնում է The Times-ը: Chopard-ի կողոպուտը տեղի է ունեցել մայիսի 30-ին եւ տեւել է ընդամենը 2 րոպե: Խանութ է մտել մոտ 50 տարեկան մի տղամարդ՝ էլեգանտ կոստյումով եւ ֆետրե գլխարկով, խանութի աշխատակիցների վրա է պահել ատրճանակը, ցածրաձայն հրամայել է ցուցափեղկից հավաքել բոլոր զարդերը, որից հետո դուրս է եկել եւ կորել ամբոխի մեջ: Նա իր հետ տարել է մոտ 6 մլն եվրո արժողությամբ զարդեր:

«Վարդագույն հովազն» իր առաջին կողոպուտն իրականացրել է Լոնդոնում՝ 2003-ին: Դրանից հետո նրանք կատարել են մոտ 120 հարձակում աշխարհի 20 երկրների ոսկերչական խանութների վրա: Ավազակախմբի ավարի ընդհանուր գումարը կազմում է մոտ 200 մլն եվրո: Մոտ երկու շաբաթ առաջ Փարիզում ձերբակալվել են երկու սերբեր, որոնց ոստիկանությունը համարում է ավազակախմբի անդամ: Նրանց մեղադրել են Մոնակոյի, Շվեյցարիայի եւ Գերմանիայի խանութների վրա կատարած զինված հարձակումների մեջ:

Իսկ մայիսի 28-ին, Չերնոգորիայից մի նախկին զինվորական, որը նույնպես կասկածվում է «հովազների» խմբից լինելու մեջ, դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ 2005-ին Ռիվերիայի մի ոսկերչական խանութ թալանելու համար: 1,5 րոպեանոց կողոպուտից հետո Դուսկո Մատինովիչի երկու ընկերները այդպես էլ առանց հետք թողնելու հեռացան, իսկ Դուսկոյին հաջողվեց բռնել: 2008-ին «հովազներից» 4 հանցագործ, որոնցից 2-ը՝ կնոջ հագուստով, 74 մլն եվրոյի թանկարժեք զարդեր տարան փարիզյան Harry Winston խանութից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել