Ղրղըզստանի նախագահի պաշտոնի երկու հավակնորդ չկարողացավ հանձնել պետական լեզվի իմացության պարտադիր քննությունը եւ դուրս մնաց ընտրարշավից: Ըստ ԿԸՀ-ի՝ լեզվի քննությունից անբավարար են ստացել գործարար Կուրմանբեկ Էշեմբաեւը եւ նախկին զինծառայող Ազամատ Ուլամաեւը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ քննությունը հաջող հանձնելու համար թեկնածուները պետք է ղրղզերեն ներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը՝ գրավոր եւ բանավոր: Նախընտրական «շարադրության» ծավալը պետք է կազմի ոչ պակաս, քան 100 բառ, իսկ սխալների թիվը չպիտի գերազանցի 12-ը: Բացի այդ, թեկնածուն պետք է կարդա գեղարվեստական որեւէ երկից մի հատված: Հանձնաժողովը գնահատում է ոչ միայն հավակնորդի սխալները, այլեւ՝ բառապաշարը, առանց ակցենտի, գրական խոսքը եւ նույնիսկ առոգանությունը: Քննական հանձնաժողովի նախագահը լրագրողներին ասաց, որ անհարմար է զգում բարձրաձայնել, թե քանի սխալ է թույլ տվել Էշեմբաեւն իր գրավոր աշխատանքում: Նախագահական ընտրությունները Ղրղըզստանում կանցնեն հուլիսի 23-ին: Պետական լեզվի քննությունն արդեն հանձնել է 6 հավակնորդ, այդ թվում՝ գործող նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետով: