Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվել է ամերիկացի բժիշկ

Հունիս 02,2009 00:00

\"\"Կիրակի օրը Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքի լյութերական եկեղեցում սպանվել է բժիշկ Ջորջ Թիլլերը, որը համարվում էր ուշ աբորտների ամենահայտնի մասնագետներից մեկը: Newsru.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ մարդասպանը՝ կանզասցի Սքոթ Ռեյդերը, ձերբակալված է եւ այժմ ցուցմունքներ է տալիս: Թիլլերը եկեղեցում օգնում էր քահանային, իսկ նրա կինը երգում էր երգչախմբում: Բժշկի ընտանիքը՝ այրին, 4 երեխաները եւ 10 թոռները հայտարարություն են հրապարակել, որտեղ սպանությունն անվանել են անասելի ողբերգություն: Թիլլերը որպես բժիշկ աշխատում էր 1973 թվականից եւ հայտնի էր աբորտների խնդրի վերաբերյալ իր ազատական հայացքներով: Նա գտնում էր, որ կինն իրավունք ունի ցանկացած պահի ընդհատել հղիությունը, հատկապես այն դեպքերում, եթե խոսքը գնում է ապագա հաշմանդամի ծննդյան մասին: Բժիշկը ղեկավարում էր ԱՄՆ-ում այն երեք հիվանդանոցներից մեկը, որտեղ կարելի էր արհեստական վիժեցման դիմել հղիության 21-րդ շաբաթից հետո: Թիլլերի ղեկավարած հիմնարկը ԱՄՆ-ի ամենափակ եւ խստորեն պահպանվող հիվանդանոցներից էր: Այստեղ պարբերաբար անց էին կացվում աբորտների հակառակորդների ցույցեր: 1993թ. այդ պայքարի ակտիվիստներն արդեն մահափորձ են կատարել Թիլլերի վրա՝ վիրավորելով նրա ձեռքերը: Դրանից հետո բժիշկը հայտնվեց դաշնային իշխանությունների հովանավորության տակ եւ հազվադեպ էր լինում հասարակական վայրերում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ աբորտների դեմ պայքարի ակտիվիստները խստորեն դատապարտել են սպանությունը՝ նշելով, որ իրենք կողմնակից էին Թիլլերին դատական ճանապարհով պատժելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել