Ըստ այս թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքների՝ հայերը շատ չեն տարբերվում եվրոպացու կերպարից:
«Ինչպիսի՞ն ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում». մարտին ՀՀ 10-18 տարեկան երիտասարդների շրջանում այս թեմայով շարադրությունների մրցույթ էր հայտարարվել, որի արդյունքները երեկ ամփոփվեցին ԿԳՆ-ում: Շարադրությունների այս մրցույթը անցկացվել էր Եվրոպայի խորհրդի 60-ամյակի կապակցությամբ: Նախարարություն էր ներկայացվել 70 շարադրություն, որից հանձնաժողովը լավագույն է ճանաչել 17-ը: Մրցույթի երկրորդ փուլն անցկացվել է մայիսի 29-ին, որին մասնակցել է լավագույն աշխատանքների 15 երիտասարդ հեղինակ:
Մրցութային հանձնաժողովը երեք տարիքային խմբերում՝ 10-13, 14-16, 17-18, ընտրել է մեկական շարադրություն, որոնց հեղինակներին երեկ դիպլոմներով պարգեւատրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա, ողջունելով երեխաներին, նկատեց. «Եվրախորհուրդը՝ որպես քաղաքական ինստիտուտ, ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում: Կրթության եւ գիտության բնագավառում մեր երկիրն այսօր եվրաինտեգրման ուղի է բռնել: Իսկ քաղաքացիական հասարակության ձեւավորման նպատակով քաղաքացու կրթությունը պետք է սկսել հնարավորինս վաղ փուլում»:
Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ հետագայում էլ կկազմակերպվեն նման մրցույթներ ու արդեն որպես գերնպատակ կդրվի ՀՀ քաղաքացու տեսլականը հայաստանցու աչքերով: «Մի մոռացեք, որ դուք ՀՀ քաղաքացի եք եւ հպարտության այդ զգացողությունը պետք է ուղեկցի ձեզ ողջ կյանքում»,- երիտասարդներին դիմեց նախարարը: Իսկ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհենը նշեց, որ մրցույթի՝ մեծ հետաքրքրություն առաջացնելու հանգամանքի մասին է խոսում երիտասարդների եւ նրանց ծնողների մասնակցության բարձր աստիճանը: Նշենք, որ 1-ին մրցանակի է արժանացել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Արծրուն Խանջյանը: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Իմ կարծիքով՝ եվրոպացին հաշվի է առնում դիմացինի բարոյական հատկանիշները, առանց նկատի առնելու՝ նա եկեղեցի՞ է գնում, թե՞ մզկիթ, սեւամո՞րթ է, թե՞ չինացի: Իսկ Հայաստանում այս մտածողությունը կա, բայց մի քիչ տարբերվում է եվրոպականից: Ուստի կարծում եմ, որ մեր երկիրը պիտի անպայման անցում կատարի ժողովրդական արժեքներին»: 2-րդ մրցանակակիրը Աբովյանի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Անահիտ Հովհաննիսյանն էր, 3-րդը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ. Պողոսյանի թիվ 2 դպրոցի 12-ամյա աշակերտուհի Մարիետա Գեւորգյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Եվրոպայի ապագա քաղաքացուն պատկերացնում եմ ոչ միայն արտաքինով, այլեւ հոգեպես: Նրան պատկերացնում եմ քաղաքակիրթ, հավասարակշռված, հաստատուն մի անձնավորություն: Հայերն էլ ապագայում պիտի լինեն այդպիսին, ինչպես նաեւ աշխարհի բոլոր մարդիկ: Կցանկանայի, որ Եվրոպայի ապագա քաղաքացիները հասկանային, որ մարդիկ հավասար են եւ իրարից տարբերվում են միայն մասնագիտություններով եւ բնավորության գծերով: Կցանկանայի, որ Եվրոպայի ապագա քաղաքացին փնտրեր ոչ թե կյանք, այլ կյանքի իմաստ»:
Տեղեկացնենք, որ մրցույթի «Ամենակրտսեր մասնակից» եւ «Թեմայի ինքնատիպ մատուցում» անվանակարգերում հատուկ մրցանակի են արժանացել Մենուա Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը: Իսկ հաղթողը հոկտեմբերի 1-ին կմեկնի Ստրասբուրգ՝ ստանալու Եվրոպայի խորհրդի կողմից տրված դիպլոմը: