Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱԿԱՍ

Հունիս 02,2009 00:00

Շատ դիմորդներ երեկ՝ դիմում-հայտերի ընդունման վերջին օրը, նոր-նոր են սկսել հետաքրքրվել, թե երբ են գործերը հանձնելու:

Մայիսի 11-ից մեկնարկեց դիմորդների հայտագրման գործընթացը: Իսկ երեկ՝ ժամը 18-ին, այդ գործընթացն ավարտվեց: Հիշեցնենք, որ բուհերի ընդունող հանձնաժողովներն աշխատում էին ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, ժամը 9-18-ը, իսկ դիմորդները պետք է վճարեին 1500 դրամ՝ իրենց գործերը հանձնելու համար: Դեռ առաջին օրերից դիմորդներն արդեն դժգոհում էին, ինչին «Առավոտն» անդրադարձել է 13.05.2009թ. համարում:

Երեկ էլ շրջայց կատարեցինք ՀՀ տարբեր բուհերի ընդունող հանձնաժողովներ՝ պարզելու՝ ինչպիսի՞ն է իրավիճակը: Ծնողների եւ դիմորդների հետ զրույցում պարզվեց, որ այժմ նրանց դժգոհություններն ավելի տեխնիկական բնույթի են: Օրինակ՝ ծնող Մանվել Կարապետյանը, ում զավակը դիմելու է Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ) ասաց. «Կցանկանայի, որ թղթաբանությունն ավելի քիչ լիներ, մանավանդ այս օրերին, երբ դիմորդներն օրնիբուն պարապում են, չարժեր, որ նրանք այսքան ժամանակ ծախսեին թղթաբանության վրա: Բացի այդ, հերթեր են գոյանում, ինչը եւս ժամանակ է խլում: Հայտերի ընդունման գործընթացը կարող էր ավելի լավ կազմակերպված լինել»: Դիմորդ Արմինե Հարությունյանն էլ ասաց. «Ամեն բան լավ է, պարզապես՝ դիմում- հայտն է մի քիչ խճճված, որի պատճառով մի քանի անգամ սխալ եմ լրացրել եւ ստիպված եղել նոր հայտ պահանջել, ինչը հանձնաժողովականները երբեմն դժկամությամբ են տալիս»:

Զրուցեցինք նաեւ ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հետ: ՀՊՄՀ ընդունող հանձնաժողովի պատասխանտու քարտուղար Սպարտակ Փալիկյանը «Առավոտին» փոխանցեց. «Դիմում-հայտերի թվի հետ կապված՝ նախորդ տարվա համեմատությամբ, համարյա թե փոփոխություն չկա: Անցյալ տարի դիմորդների դիմում- հայտերի ընդհանուր թիվը 2400 էր, այս տարի՝ 2358: Պակասել է մեր ներքին ընդունելության դիմորդների թիվը, ինչի պատճառով որոշ մասնագիտությունների գծով հնարավոր է թափուր տեղեր առաջանան: Օրինակ, 30 տեղ է հատկացվել մենեջմենտ մասնագիտությանը, բայց գրանցվել է 18 դիմում, կերպարվեստի պատմություն եւ տեսություն մասնագիտության գծով ունենք ընդամենը 13 դիմում, կա էրգոթերապիա մասնագիտությունը, որին հատկացված էր 15 տեղ, բայց այդտեղ քիչ քանակով դիմումներ են գրանցվել: Այս դեպքում հնարավոր է՝ այլ բուհերի դիմորդներ 2-րդ հայտով լրացրել են նաեւ նշված մասնագիտությունը եւ այնտեղ առաջին հայտով չանցնելու դեպքում ընդունվեն այս մասնագիտություն: Վատ վիճակում է բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտությունը՝ ընդամենը 4 դիմում 40 տեղի համար»: ՀՊՄՀ-ում հայտերի առատություն է նկատվում տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա, անգլերեն լեզու եւ գրականություն, հայոց լեզու եւ գրականություն, պատմություն եւ իրավագիտություն մասնագիտությունների գծով: Ս. Փալիկյանը հավելեց. «Անակնկալ էր այն, որ հատուկ հոգեբանություն մասնագիտության գծով 100 դիմորդ գրանցվեց՝ 25 տեղի համար, ինչը երբեւէ չէր եղել: Դրա պատճառը, թերեւս, այն է, որ այժմ Երեւանում գործում է շուրջ 30 դպրոց, որ իրականացնում է ներառական կրթություն»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված մենեջմենտ մասնագիտության նկատմամբ հետաքրքրության նվազումը: Ս. Փալիկյանն ասաց. «Գուցե մարդիկ զգացել են, որ դա էլ մի բան չէ»: Փոխանցեցինք նաեւ ծնողների դժգոհությունը՝ թղթաբանության հետ կապված: Ս. Փալիկյանն ասաց. «Առանց այդ էլ քիչ փաստաթղթեր ենք պահանջում: Ատեստատին փոխարինող ինչ-որ փաստաթուղթ չպահանջե՞նք, կամ նկար, անձը հաստատող փաստաթուղթ: Ինչ վերաբերում է ոստիկանությունից բերվող տեղեկանքին, ապա եթե նրանք ոստիկանությունում խնդիրներ են ունենում, դիմորդին ուղարկում ենք ընդունող հանձնաժողով, որտեղից նա բերում է նկարով մի տեղեկանք, որը փոխարինում է անձնագրին»:

«Առավոտը» զրուցեց նաեւ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Սարգսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ մայր բուհում էլ անցյալ տարվա համեմատությամբ մեծ փոփոխություններ չկան. «Անցյալ տարի գրացվել էր 4177 հայտ, այս տարի՝ 4464: Իսկ դիմում- հայտերի առավելագույն թվով աչքի են ընկնում հայոց պատմություն մասնագիտությունը, որտեղ անցյալ տարվա համեմատությամբ ավելի շատ հայտեր են գրանցվել: Հայ բանասիրություն, դեղագործական քիմիա, միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, տնտեսագիտություն մասնագիտությունների գծով եւս մեծ թվով դիմումներ են ստացվել»:

Վ. Սարգսյանի փոխանցմամբ՝ «պրեստիժնի» համարվող ֆակուլտետներում եւս մեծ փոփոխություններ չկան, նախորդ տարվա համեմատությամբ դիմում-հայտերի քանակն ավելացել է իրավագիտություն եւ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների գծով: Հնարավոր է թափուր տեղեր առաջանան քիմիայի, միջուկային ֆիզիկայի մասնագիտությունների գծով, ինչը պայմանավորված է առաջարկ-պահանջարկ հարաբերությամբ: Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Կոստանտին Մանուկյանն էլ փոխանցեց. «Այս տարի գրանցվել է 896 դիմում-հայտ, մոտ 680-ը բուժական գործ մասնագիտության գծով, մոտ 180-ը՝ ստոմատոլոգիայի, 70-ը՝ դեղագիտություն մասնագիտության գծով: Արտակարգ դեպքեր չեն գրանցել: Պարզապես, դիմորդների եւ նրանց ծնողների շրջանում կա ինֆորմացիայի պակաս: Օրինակ՝ այսօր Բյուրականից էին զանգում մեզ եւ հարցնում, թե երբ են գործերը հանձնելու, ինչ փաստաթղթեր են դրա համար պահանջվում, այնինչ այսօր դիմում-հայտերի ընդունման վերջին օրն է: Բայց դա գալիս է դիմորդից, չէ՞ որ համակարգը այս գործընթացի մասին արդեն վեց ամիս է՝ խոսում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել