Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ սահմանի բացմամբ»

Հունիս 02,2009 00:00

\"\" Հարցազրույց ռազմական փորձագետ Ազադ Իսազադեի հետ

– Ո՞ր երկիրը՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։

– Անկասկած, երկու կողմերն էլ օբյեկտիվորեն շահագրգռված են սահմանի բացմամբ։ Եթե Թուրքիային ավելի շատ հետաքրքրում է հարցի քաղաքական կողմը, ապա Հայաստանն ավելի շահագրգռված է տնտեսապես։ Ընդ որում՝ երկու կողմերն էլ ունեն նաեւ երկրորդական շահեր, այդ թվում՝ քաղաքական եւ տնտեսական։ Սակայն, իմ կարծիքով, Հայաստանը պետք է ավելի շատ շահագրգռված լինի սահմանի բացմամբ, քանի որ մեկուսացված է էներգետիկ, տրանսպորտային եւ այլ տնտեսական նախագծերից։ Թուրքիայի համար նման որոշման կարեւորությունը պայմանավորված է ԵՄ մտնելու հարցում առկա լարվածության թուլացման հետ, իսկ տնտեսական առումով՝ սեփական ապրանքների համար որոշակի շուկա ձեռք բերելու եւ սահմանամերձ շրջանների ենթակառուցվածքների զարգացման հետ։

– Ի՞նչը կարող է արմատապես փոխել կամ խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

– Ամենագլխավոր բանը, որը կարող է խթանել կամ, հակառակը, ի չիք դարձնել նկատվող ջերմացումը, այսպես կոչված՝ «1915 թվականի իրադարձությունների հարցն» է։ Խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը դեռ պատրաստ չէ հրաժարվելու իր պահանջներից, իսկ Թուրքիան, ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակական մակարդակով, չի պատրաստվում եւ, իմ կարծիքով՝ հետագայում էլ չի փոխելու իր դիրքորոշումը:

– Ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մինչ այդ արդեն սկսված կամ մտահղացված հաղորդակցական, էներգետիկ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրա:

– Ինձ թվում է, որ այդ իրադարձությունը գլոբալ նախագծերի վրա մեծ ազդեցություն չի թողնի։ Առաջին՝ հիմնական նախագծերն արդեն կան. Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Սուպսան, հավանության արժանացած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ այլն։ Մշակման փուլում գտնվող նախագծերի երթուղիները եւս չեն անցնում Հայաստանով։ Սահմանների բացումը կարող է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավտոմոբիլային կապի, այդ թվում՝ բեռնափոխադրումների զարգացմանը, բայց առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների բացման՝ այդ ճանապարհները եւս հիմնականում կլինեն փակուղային։ Այսօր հայ-ադրբեջանական սահմանը դեռեւս ռազմաճակատային գիծ է եւ կմնա այդպիսին, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան խնդիրը։ Հետագայում էլ իրատեսական չի թվում առանց Ադրբեջանի համաձայնության տարածաշրջանային նոր նախագծերին Հայաստանի մասնակցությունը։ Չի կարելի նաեւ մոռանալ, որ Թուրքիան, սահմանը բացելու համաձայնության դեպքում, վերապահումներ կանի նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների հարցի վերաբերյալ։

– Ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա, եւ արդյոք տարբերվո՞ւմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ կապված շահերը։

– Անկասկած, եթե Անկարան եւ Երեւանը գան որոշակի համաձայնության, կտրուկ կմեծանա Թուրքիայի տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա. աշխատատեղերի բացում ոչ մեծ, բայց Թուրքիայի կողմից դեռեւս չյուրացված շուկայում, ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ։ Ընդ որում՝ Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի Թուրքիան դիմի այդ քայլին։ Կմեծանա Թուրքիայի ազդեցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Հիմնական բանը, որով շահագրգռված են Թուրքիան եւ Ադրբեջանը, այն է, որ Հայաստանը հրաժարվի մեր երկուսի նկատմամբ տարածքային հավակնություններից։ Անկարեւոր չէ նաեւ, իմ կարծիքով, Հայաստանի տնտեսական եւ ներքաղաքական իրադրության մեջ Ռուսաստանի ունեցած դերի թուլացման հնարավորությունը։ Բայց այստեղ կան նաեւ ռիսկեր, քանի որ Ռուսաստանը կարող է խանգարել այդ հարաբերությունների զարգացմանը։ Այսօր նկատվում է տարածաշրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի որոշ մերձեցում, բայց այդ մերձեցումը, ամենայն հավանականությամբ, կրում է ժամանակավոր բնույթ։ Եվ Ռուսաստանից միշտ կարելի է սպասել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել