Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ»

Հունիս 02,2009 00:00

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա բարդ եռանկյունու միայն մեկ կողմն է: Այսօր փորձ է արվում մոտենալ հակասությունների գրեթե դասական դարձած կառույցին մյուս գագաթից՝ հայ-թուրքական ուղղությունից: Այսպես թե այնպես, հարաբերությունները փոխկապված են, հետեւանքները՝ փոխազդեցիկ: Սակայն ի՞նչ սպասելիքներ ու մտավախություններ են կապված քաղաքական այս «նոր եռանկյունաչափության» հետ, որքանո՞վ են դրանք հիմնավոր, ի՞նչ ազդեցություններ՝ եռանկյունու տիրույթից դուրս: Շարունակում ենք ներկայացնել Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացված հարցազրույցները, որոնք կօգնեն հասկանալ այս հարցերի պատասխանները: «Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են Conciliation Resourses միջազգային կազմակերպության աջակցությամբ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

Երկխոսությունն արդեն ազդել է Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների վրա

\"\"Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանի հետ

– Ո՞ր երկիրը՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան, ավելի կշահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից։

– Հիմա շատ դժվար է ասել, թե ով ավելի կշահի, քանի որ Հայաստանի ձեռքբերումները, իմ կարծիքով, կլինեն առավելապես տնտեսական, իսկ Թուրքիայինը՝ քաղաքական։ Հարցն այստեղ մի քիչ այլ է. ի՞նչն է ավելի կարեւոր՝ տնտեսությո՞ւնը, թե՞ քաղաքականությունը։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում կշահեն երկու կողմերն էլ՝ անկախ նրանից, թե նրանցից որը կօգտագործի սահմանների բացումից ստացված դիվիդենդները։ Բայց ակնհայտ է, որ հարաբերությունների նորմալացումն անհրաժեշտ է թե Թուրքիային, թե Հայաստանին։

– Ի՞նչը կարող է արմատապես փոխել կամ խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմնական սպառնալիքը, իմ կարծիքով, գալիս է այդ գործընթացին Ադրբեջանի հակազդեցության աստիճանից։ Որ Ադրբեջանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորումը՝ փաստ է։ Բայց շատ բան կախված է նրանից, թե գործընթացի վրա ազդելու համար Բաքուն ինչ գործիքներ է պատրաստ կիրառել։ Եթե Ադրբեջանը որոշի փոխել նավթի արտահանման ուղղությունը դեպի Ռուսաստան եւ սահմանափակել Բաքու-Ջեյհան եւ Բաքու-Էրզրում նավթատարների օգտագործումը, ապա Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական կորուստները կլինեն էական, ինչը միանգամայն կարող է ազդել Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսության վրա։ Սակայն այս հարցում Ադրբեջանի գործողությունների ազատությունն այնքան էլ ակնհայտ չէ՝ մի շարք կարեւոր հանգամանքների պատճառով. որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ դիմելու կտրուկ քայլերի, դրանց ինչպե՞ս կարձագանքեն արեւմտյան երկրները, Ադրբեջանը ցանկանո՞ւմ է փոխարինել Թուրքիային՝ որպես հիմնական էներգետիկ գործընկերոջ, Ռուսաստանով, ի՞նչ հետեւանքներ կունենա այս ամենն իր՝ Ադրբեջանի համար։ Կարծում եմ, միանշանակ պատասխաններ չկան։

– Ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մինչ այդ արդեն սկսված կամ մտահղացված հաղորդակցական, էներգետիկ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրա:

– Այսօր տարածաշրջանը մտնում է Nabukko գազատարի շինարարության նախագծի իրականացման փուլ։ Ես համաձայն չեմ այն կարծիքներին, թե հայ-թուրքական գործընթացում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ տեղաշարժի դեպքում ադրբեջանական գազը կարտահանվի Հայաստանի տարածքով. Բաքուն դեռ երկար կվարի Հայաստանի շրջափակման քաղաքականություն՝ անկախ ցանկացած, նույնիսկ էական տեղաշարժից։ Բայց ամենակարեւորն այն է, որ հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա, որ Հայաստանը դառնա իրանական գազի՝ դեպի Nabukko եւ այլ նմանատիպ նախագծեր տանող օղակ։ Հայ-իրանական համագործակցությունն ունի ռազմավարական եւ երկարաժամկետ բնույթ, ինչը կարող է նպաստել, որպեսզի Թեհրանը Հայաստանի տարածքը գազի արտահանման նպատակով օգտագործելու որոշում ընդունի։ Դրա համար արդեն կա Իրան-Հայաստան գազատարը, որը կարող է ընդլայնվել։ Կա նաեւ արդեն ընդլայնված գազատարը մինչեւ Էրզրում կամ, ասենք, Թբիլիսի երկարացնելու տարբերակը։ Հասկանալի է, որ զուտ աշխարհագրական առումով ավելի շահավետ է գազն ուղղակի արտահանել Իրանից Թուրքիա, բայց Իրանի էներգետիկ քաղաքականության համար միշտ վճռորոշ են եղել քաղաքական գործոնները։ Իրանը շահագրգռված է Հայաստանում եւ Հարավային Կովկասում սեփական ներկայության մեծացմամբ, եւ Nabukko-ն նրան կտա այդպիսի հնարավորություն։ Ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա ընդլայնել մեր համագործակցությունն Իրանի հետ եւ դառնալ կարեւոր էներգետիկ օղակ տարածաշրջանում։ Ինձ նաեւ թվում է, որ Ռուսաստանը շահագրգռված կլինի, որպեսզի իրանական գազն արտահանվի Արեւմուտք հենց Հայաստանի տարածքով, քանի որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանի էներգետիկ շուկայում էական է, եւ դրա շնորհիվ Ռուսաստանը կդառնա տարածաշրջանային նախագծերի մասնակից։

– Ինչպե՞ս կարող է ազդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ադրբեջանա- թուրքական հարաբերությունների վրա, եւ արդյոք տարբերվո՞ւմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ կապված շահերը։

– Ես կարծում եմ, որ հայ-թուրքական երկխոսությունն արդեն ազդել է Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների վրա։ Իսկ թե ինչ չափով՝ ցույց կտա ժամանակը։ Ամեն բան կախված է նրանից, թե, ի վերջո, այդ երկխոսությունն ինչի կհանգեցնի, եւ որքանով է Թուրքիան պատրաստ ընդունելու իր եւ իր դաշնակցի համար շատ բարդ որոշումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել