Տեղեկացրել ենք, որ «Արմենիա» անունով մի զբոսանավ այս տարվա մայիսի 28-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի նավահանգստից դուրս է եկել շուրջերկրյա ճանապարհորդության՝ գրող Զորի Բալայանի գլխավորությամբ: Ճամփու դնողների ղեկավարն էլ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է եղել: «Արմենիան» անցնելու է Ջիբրալթարը, Հարավային Ամերիկան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, լինելու է Ինդոնեզիայում, Սինգապուրում, Հնդկական թերակղզում, Պարսից ծոցում, Կարմիր ծովում, Սուեզի ջրանցքում, Միջերկրական ծովում: Պետության հաշվին իրականացվող այս ծրագրում Զորի Բալայանը ընդգրկել է նաեւ որդուն՝ Հայկին:
Հրանուշ Հակոբյանը նավի անձնակազմին ուղղված իր խոսքում Զորի Բալայանին անվանել է «հեքիաթային հերոս», ով, ըստ նախարարի՝ բոլորի սիրելին է եւ ով պետության հաշվին այս ճանապարհորդությամբ՝ «եւս մեկ անգամ կյանքը փորձության է ենթարկում»: Թե սրանից առաջ ե՞րբ է Զորի Բալայանը իր կյանքը փորձության ենթարկել եւ հանուն ինչի, ոչ ոք չի ասել:
Պատահական չէ, որ ընդգծում ենք այս ծրագրի պետության հաշվին իրականացվելու իրողությունը: Ծրագրի համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 97 միլիոն դրամ է հատկացվել: Պահուստային ֆոնդից: Այսինքն՝ ծրագիրը առաջնային չի համարվել եւ բյուջեով դրա համար ոչ մի լումա չի նախատեսվել: Մենք տեղեկություններ ունենք, որ Հրանուշ Հակոբյանին կառավարությունում ասել էին, թե արտասահման պետք է մեկնի միայն Հայաստանի եւ ոչ մեր սփյուռքահայ բարեկամների հաշվին: Սակայն ճգնաժամի պայմաններում որոշվել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարը կարող է ընդունել այս կամ այն գաղթօջախի հաշվին հյուր գնալու հրավերը: Սա հասկանալի է, դե, ճգնաժամ է: Բայց թե ինչու է ճգնաժամը տարածվում միայն Հրանուշ Հակոբյանի վրա կամ, ավելի ճիշտ՝ ինչու Զորի Բալայանի վրա չի տարածվում՝ պարզ չէ:
Մենք քանիցս արձանագրել ենք ՀՀ Սփյուռքի նախարարության թերացումներն ու բացթողումները, բայց վստահ եմ, որ եթե նույն 97 միլիոն դրամով Հրանուշ Հակոբյանը մի քանի երկիր գնար՝ շատ ավելի մեծ օգուտ կտար Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, քան հայկական գինու, ղավուրմայի ու սեփական որդու ուղեկցությամբ աշխարհով ման եկող Զորի Բալայանը: