Խոզերի զանգվածային հիվանդությունից հետո Տավուշի մարզում փորձում են զարգացնել անասնապահության այլ ուղղություններ
Տնտեսական ճգնաժամը ստիպում է գյուղատնտեսության (մասնավորապես՝ անասնապահության) զարգացման նոր ուղիներ փնտրել: Այս փնտրտուքի արդյունքում Տավուշի մարզում սկսել են ջայլամ ու աքսելերատ ճագար աճեցնել: Ծրագրերն իրականացվում են «Գյուղատնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի «Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» շրջանակներում տրամադրված դրամաշնորհներով: Դեբեդի հովտում գտնվող Հաղթանակ գյուղում սկսվել է աֆրիկյան սեւ ջայլամների, իսկ Ադրբեջանին սահմանամերձ Բաղանիսում՝ աքսելերատ (գերարագ զարգացող) ճագարների բուծումը: Նպատակն է նվազեցնել աղքատությունը, գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները տարածել ոչ միայն Տավուշում, այլեւ՝ մյուս մարզերում: Արտերկրից ներկրվել է աքսելերատ տեխնոլոգիայով պահվող «վելիկան» ցեղախմբի 30 ճագար, Բաղանիսում ստեղծվել է տոհմային ճագարաբուծական տնտեսություն՝ կառուցվել է 20 մինի ֆերմա: Աքսելերատը ճագարի տեսակ չէ: Սովորական ճագարներն էլ կարող են աքսելերացվել համապատասխան տեխնոլոգիայով 4-5 տարի պահելուց հետո: Այդ պատճառով 4-5 տարի ծախսեր կատարելու եւ Հայաստանում առկա թեկուզեւ լավագույն տեսակի ճագարներն աքսելերացնելու փոխարեն նպատակահարմար է համարվել արտերկրից ներկրել եւ տեղում կազմակերպել աքսելերացված ճագարների վերարտադրություն: Այս կերպ մեր հանրապետությունում կարմատավորվի ճագարաբուծության «Միակրո» տեխնոլոգիան: Մինի ֆերմայում կերամանները եւ դարակները նախագծված են այնպես, որ խնամվող ճագարներին կերի եւ ջրի պաշարը բավարարում է մեկ շաբաթ: Պահվող ճագարի կղանքը եւ մեզը ինքնաբերաբար կուտակվում են հատուկ տարաներում, որը մաքրվում է շաբաթը մեկ անգամ, ինչն էլ կենդանիներին զերծ է պահում մարդու անհարկի այցերից եւ այդկերպ դրսից եկող հիվանդություններից: Բաղանիսում տեղադրված յուրաքանչյուր մինի ֆերման նախատեսված է 2 մայր ճագարի համար: Աքսելերատ ճագարը սեռական հասունացման է հասնում ոչ թե 9, այլ 3,5-4 ամսական հասակում: Մինի ֆերմայում ծնված ճագարը սպանդային քաշի (4-6կգ) է հասնում 4-4,5 ամսում: Ճագարաբուծության այս ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա դեկտեմբերին եւ կավարտվի այս տարեվերջին: Պլանավորված է ծրագրի իրականացման ընթացքում ստանալ առնվազն 500 աքսելերատ ճագար:
Իսկ ջայլամաբուծությամբ Հաղթանակում զբաղվում է նախկին գյուղապետ Սլավիկ Զուռնաչյանը: Հաղթանակ է ներկրվել 6 (4-ը՝ մարի, 2-ը՝ արու) ջայլամ: Դրանք 3 տարեկանից բարձր են, այսինքն՝ գտնվում են ինկուբացիոն շրջանում: Այստեղ՝ Դեբեդի հովտում արդեն առաջին ձվերն են ստացվել, որոնք ուղարկվել են Երեւան՝ ինկուբացիայի: 42 օր անց դրանցից կստացվեն առաջին ճտերը: Սլավիկ Զուռնաչյանը նախատեսում է առաջիկա օրերին Վրաստանից ներկրել ինկուբատոր, որպեսզի հենց Հաղթանակում ինկուբացիան իրականացվի:
Սլավիկ Զուռնաչյանը հաջողություն եւ շահույթներ է ակնկալում, այլապես, բացի դրամաշնորհային գումարից, սեփական միջոցները չէր ներդնի այս գործում, այդ նպատակով $5 հազար վարկ չէր վերցնի: Նրա ունեցած տեղեկություններով, ջայլամից ստացված արտադրանքը (միս, ձու, կաշի, փետուր) մեծ պահանջարկ է վայելում միջազգային շուկայում: 2 տարեկան մայր ջայլամից տարեկան ստացվում է մինչեւ 30, իսկ 3 եւ ավելի տարեկան մայր ջայլամից մինչեւ 70 ձու (ջայլամն ապրում է 70 տարի, ձվատվության տեւողությունը՝ 35-40 տարի): Մեկ տարվա ընթացքում մեկ ջայլամից ստացվում է 1,2 կգ փետուր, որի արժեքը շուկայում 50-60 դոլար է: Միջազգային շուկայում ջայլամի ձվի գինը 40-50 դոլար է: Աֆրիկյան սեւ ջայլամի համար հատուկ կեր չի պահանջվում (ջայլամը սնվում է խոտաբույսերով, ծառերի ու թփերի տերեւներով, ուտում է նաեւ միջատներ եւ ողնաշավոր մանր կենդանիներ):
Կարեւոր մի հանգամանք եւս. աֆրիկյան սեւ ջայլամը գյուղատնտեսական կենդանիներին հատուկ վարակիչ հիվանդություններով չի հիվանդանում: Որպես գյուղատնտեսական շահավետ բիզնես՝ ջայլամաբուծությունը զարգացում է ապրում ինչպես եվրոպական, այնպես էլ նախկին խորհրդային մի շարք երկրներում (Ռուսաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Միջին Ասիայի հանրապետություններ): Ջայլամաբուծությունը ավելի արագ տեմպերով է զարգանում հատկապես Չինաստանում: Միջազգային փորձագետների գնահատմամբ, այժմ տարբեր երկրներում տնային պայմաններում պահվում է 3,5-4 միլիոն ջայլամ, որի շուրջ 40 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին: Աֆրիկյան սեւ ջայլամի զարգացման համար Հայաստանն ունի ավելի նպաստավոր բնակլիմայական պայմաններ, քան վերոհիշյալ երկրներից շատերը:
Ինչ խոսք, նոր գործը որոշակի ռիսկեր է պարունակում: Սակայն Տավուշում ավանդական ճյուղ համարվող անտառային խոզաբուծությունն աֆրիկյան ժանտախտի համաճարակից հետո մեծ կորուստներ է ունեցել: Տավարաբուծությունն էլ վերջին շրջանում անկում է ապրել, վերջին մեկ տարում մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 4433-ով: Ուստի այս պայմաններում անասնապահության նոր տեխնոլոգիաների կարիքն առավել քան զգացվում է: