Ահազանգերը շարունակվում են
Հայաստանի ոստիկանությունը երեկ հայտնեց, որ «զբաղվում» է Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում խախտումների վերաբերյալ դատախազությունից ուղարկված ԶԼՄ-ների հրապարակումներով: Մասնավորապես, կատարվում է հետաքննություն հետեւյալ ահազանգերի կապակցությամբ.
1. Ընտրության օրը, ժամը 18-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ «Lragir.am» ինտերնետային կայքէջում տեղադրվել է տեղեկատվություն, որ թիվ 13/18 տեղամասում կանխվել են քվեաթերթիկների լցոնումների փորձեր, ինչի վերաբերյալ ընտրական հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն:
2. Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ «a1plus.am» կայքէջում տեղադրվել է տեղեկատվություն, որ թիվ 12/27 տեղամասում կանխվել են քվեաթերթիկների լցոնումների փորձեր, ինչի վերաբերյալ ընտրական հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն:
3. «zhamanak.com» կայքէջում տեղադրվել է տեղեկատվություն, որ թիվ 13/9 եւ 13/10 տեղամասերում կանխվել են քվեաթերթիկների լցոնումների փորձեր, ինչի վերաբերյալ ընտրական հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն:
4. Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունից ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ «a1plus.am» կայքէջում զետեղվել է հաղորդագրություն, որ ժամը 10-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանյանը սկզբում խոչընդոտել, այնուհետեւ ծեծի է ենթարկել ՀԱԿ-ի վստահված անձ Արսեն Աբրահամյանին:
5. Ժամը 8-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների թիվ 8/18 տեղամասի մոտ 100 հոգի քվեարկել են եւ քվեաթերթիկներն առանց ծրարների լցրել քվեատուփի մեջ: Նույն ժամին մի աղջիկ խնդրել է, որ իրեն թույլ տան քվեարկել, սակայն ՀԱԿ-ի ներկայացուցիչը չի համաձայնել, բայց աղջիկը քվեարկել է ու գնացել: Այնուհետեւ` ժամը 10.30-ին, նորից եկել է քվեարկելու, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, պատճառաբանելով, որ նա ցուցակում ընդգրկված չէ:
6. Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/18 ընտրատեղամասում տեղի է ունենում ծեծկռտուք:
7. Ժամը 11.45-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05, 8/06 եւ 8/07 ընտրատեղամասերում տեղի են ունենում կուտակումներ եւ լցոնումներ:
8. Ժամը 13.50-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը բիրտ ձեւով խոչընդոտել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, ընտրությունների դիտորդ Միքայել Դանիելյանի աշխատանքը, չի թույլատրել նրան մտնել ընտրատեղամաս, լուսանկարել քվեարկության ընթացքը:
9. Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ «a1plus.am» կայքէջում հաղորդագրություն է զետեղվել, որ ժամը 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/15 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ավագանու թեկնածու Հայկ Գեւորգյանին:
10. Ժամը 14.15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05, 8/06 եւ 8/07 ընտրատեղամասերում բաց քվեարկություն եւ լցոնումներ են տեղի ունենում, ինչն իրականացվում է Անդրեյ Զատիկյանի գլխավորությամբ: Ընտրատեղամասերի մոտ կանգնած են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանին պատկանող ավտոմեքենաները: