Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԽԱԲԵՑԻՆ 80-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

Հունիս 02,2009 00:00

Նազարովան հանցավոր խմբի դեմ է, ոչ թե՝ մեկ մեղադրյալի

\"\"2006թվականին Մարիա Նազարովան, որը ցանկանում էր տուն գնել, իր հարեւանուհու՝ Իրինա Այվազյանի միջոցով ծանոթանում է բրոքեր Ագնեսա Պապյանի հետ: Վերջինս Մ. Նազարովային խոստանում է սենյակ՝ Ավանում գտնվող նախկին հանրակացարանի շենքում: Վկայի ներկայությամբ Մ. Նազարովան բրոքերին տալիս է $7500: Որոշ ժամանակ անց Ա. Պապյանը Նազարովային տանում է Կառավարական 3-րդ շենք, ծանոթացնում «սոցապնախարարության աշխատակից» Արմեն Պետրոսյանի հետ, նրան ներկայացնելով որպես «պուպ զեմլի», ասելով, որ նրա միջոցով շուտով կլուծվի բնակարանի հարցը:

Մ. Նազարովան $500 տալիս է Արմեն Պետրոսյանին, վերջինս թելադրում, Նազարովան էլ գրում է դիմում եւ միասին գնում են պետգույքի վարչության պետ Կարինե Կիրակոսյանի մոտ, անձամբ նրան հանձնում դիմումը:

Որոշ ժամանակ անց Մ. Նազարովան դիմում է բրոքերին եւ հայտնում իր անհանգստությունը, որ հարցը ձգձգվում է: Բրոքերը հանգստացնում է 80-ամյա տիկնոջը եւ մի քանի օր հետո միասին, պետգույքի վարչության աշխատակից Գուրգեն Աղաջանյանի ծառայողական մեքենայով գնում են Ավան, որտեղ Նազարովային ցույց են տալիս խոստացած սենյակը, ասելով, որ այն դեռ պետք է վերանորոգվի: Սակայն Մ. Նազարովան սենյակը չի հավանում, պատճառաբանելով, որ այն շատ փոքր է (15 քմ) եւ պահանջում է կամ գումարը վերադարձնել, կամ էլ մեծ սենյակ տալ: Ա. Պապյանը խոստանում է, որ կողքի սենյակի հաշվին կառանձնացնեն խոհանոց եւ կտրամադրեն Նազարովային: Անցնում են ամիսներ, Նազարովան դարձյալ անհանգստացնում է բրոքերին: Այս անգամ Ա. Պապյանը Նազարովային հայտնում է, որ այդ հանրակացարանի սեփականաշնորհման հարցը կառավարությունում ձգձգվում է եւ առաջարկում է սենյակ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող ուսանողական հանրակացարանում, բայց դրա համար պետք է սպասի, որպեսզի այնտեղ ապրող փախստականները ազատեն սենյակները: Որոշ ժամանակ սպասելուց հետո Նազարովան գնում է ուսանողական հանրակացարանի պարետի մոտ եւ տեղեկանում, որ այդ սենյակները նախատեսված են միայն փախստականների համար, եւ ոչ ոք չի պատրաստվում իրեն այնտեղ տեղավորել: Այդ ընթացքում Նազարովայի հարեւանուհին՝ Ի. Այվազյանը զանգում է Ա. Պապյանին եւ ձայնագրում ողջ խոսակցությունը:

Հասկանալով, որ բրոքերն իրեն խաբում է, Նազարովան դիմում է Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Այնտեղից տարեց կնոջն ուղարկում են Կենտրոնի քննչական բաժին, ուր հարուցվում է քրգործ: Գործը հայտնվում է ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Հայկ Ավագյանի վարույթում:

«Առավոտի» խմբագրություն այցելած Մ. Նազարովան հայտնեց, որ քննիչ Հ. Ավագյանի «ջանքերի» շնորհիվ մեղադրյալի աթոռին հայտնվել է միայն մեկ ամբաստանյալ՝ Ագնեսա Պապյանը, իսկ Արմեն Պետրոսյանը դարձել է ընդամենը վկա: Ըստ Նազարովայի, երբ քննիչի աշխատասենյակում առերեսում էր կազմակերպվել իր եւ Արմեն Պետրոսյանի հետ, նա, չգիտես ինչու, կանգնած է եղել իր թիկունքում եւ հենց իր ներկայությամբ քննիչին է փոխանցել բավականին հաստ մի ծրար: Հ. Ավագյանը Նազարովային վերադարձրել է իր $8000-ը, պահանջելով, որ գրի, թե որեւէ պարտք ու պահանջ չունի, ասելով, որ եթե գումարը չվերցնի, միեւնույն է, նրանց կդատեն, իսկ ինքը կկորցնի գումարը: Նազարովան էլ գումարը վերցրել է եւ գրել պահանջվածը:

Օրեր առաջ՝ մայիսի 11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ քննվեց քրեական գործը: Դատարանը, հարգելով ամբաստանյալ Ագնեսա Պապյանի միջնորդությունը, գործը քննեց արագացված դատաքննության ընթացակարգով: Դատարանը «հաշվի առնելով, որ Ա. Պապյանը 53-ամյա կին է, հանցանք կատարում է առաջին անգամ, ընդունում է կատարած հանցանքը եւ զղջում դրա համար, 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է վիրուսային հեպատիտ C-ով, ունի հաստ աղիի քաղցկեղ, խնամքին ունի մեկ անձ եւ վերականգնել է տուժողին պատճառված նյութական վնասը», վճռեց Ա. Պապյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամանակով, բայց ՀՀ Քրօրի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամանակով:

«Իմ բացակայությամբ տեղի ունեցած դատական նիստից հետո կարող եմ ենթադրել, թե ինչ էր քննիչ Հ. Ավագյանին փոխանցված ծրարում, քանի որ նրա շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբից ամբաստանյալի կարգավիճակում մնաց միայն բրոքերը, որին էլ, փաստորեն, չդատեցին: Ճիշտ է, ես ետ ստացա իմ գումարը, բայց առողջությունս քայքայվեց: Զարմանում եմ, որ այսքան խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչպե՞ս են կարողանում ակնառու փաստերը կոծկել»,- ասաց Մ. Նազարովան:

Տուժողը քաղհայցով դիմել է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Պապյանից պահանջելով ապօրինի պահված եւ օգտագործած իր գումարի տոկոսները՝ 957698 ՀՀ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել