Արձագանքում են «Առավոտի» հրապարակմանը
«Առավոտ» օրաթերթում (27.05.09թ.) տպագրվել էր Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչների նամակը՝ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղնշանակության հողը ավազահանքի վերածվելու վերաբերյալ:
Արձագանքելով հիշյալ հրապարակմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը երեկ տեղեկացրեց, որ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը գրավոր դիմել է Արմավիրի դատախազություն՝ հայտնելով, որ Եղեգնուտ գյուղում գտնվող «Բետարտշին» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից գյուղատնտեսական նշանակության այլ հողերից ապօրինի ավազ է արդյունահանվել:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ «Բետարտշին» ՍՊԸ-ին հարակից գյուղատնտեսական նշանակության այլ հողերի տարածքում կան ջրափոսեր, ինչի վերաբերյալ համայնքի ղեկավար Ռ. Մարգարյանը հայտարարել է, որ դրանք առաջացել են «Բետարտշին» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից ավազ արդյունահանելու հետեւանքով:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, «Բետարտշին» ՍՊԸ-ի ավազի լվացման եւ տեսակավորման արտադրամասի տնօրեն Ս. Հարությունյանը բացատրություն է տվել, որ ինքն է նշված տեղից հողախառն ավազ հանել՝ Արմավիրի մարզի Մարգարա գյուղից «Բետարտշին» ՍՊԸ տանող դաշտամիջյան ճանապարհը վերանորոգելու համար, իսկ առաջացած ջրափոսերը պարտավորվել է վերականգնել»: