Երեկ կրկին մարզային տրանսպորտը ուղեւորներին չէր սպասարկում: Այս էլ որերորդ անգամ ՀՀ իշխանությունների հրահանգով մարզերի երթուղագծերը, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության, չեն աշխատում՝ ուղեւորներին թողնելով կանգառներում կանգնած: Այս հանգամանքը հարուցել է բազմաթիվ ուղեւորների զայրույթը: Մասիսի բնակիչներից ոմանք, զանգելով «Առավոտի» խմբագրություն, խիստ վրդովված ասացին. «ՀՀ իշխանությունները արհամարհում են քաղաքացիների՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը ու չեն մտածում, որ մարդկանց անհարմարություն են պատճառում իրենց քմահաճույքից ելնելով: Ինչ է թե՝ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անելու, արգելում են մարդկանց մայրաքաղաք գալ, անկախ նրանից, թե ինչի՞ համար են գալիս: Մեկը հիվանդանոց է գալիս, մյուսը քննության է, մեկ ուրիշը քաղաքում շտապ գործեր ունի, նրանց ո՞վ է թույլ տվել նման խոչընդոտներ ստեղծել ու տրանսպորտին արգելել սպասարկել: Ամեն անգամ նույն պատմությունն են սարքում մարդկանց գլխին»: Նշենք, որ երեկ մեր թերթը նույն խնդրի վերաբերյալ դժգոհություններ է ստացել նաեւ Էջմիածնի, Գետազատի, Քաղցրաշենի, Արտաշատի, Եղվարդի բնակիչներից: Նրանք նույնպես փաստեցին, որ ժամերով տրանսպորտի են սպասել ու ոմանք ստիպված են եղել տաքսիներով Երեւան հասնել, քանի որ, ուսանողներից մեկի խոսքերով՝ «Ստուգարքից ուշանում էի ու մի կերպ եմ հասել: Այն էլ հետ եմ դարձել տուն, որ տաքսու գումար վերցնեմ: Ինձ հետ կային ուսանողներ, որ քննության էին, բայց չգնացին, հետ դարձան»:
Ժամերով Մասիսի ավտոկայարաններում կանգնած բնակիչների ներկայացմամբ էլ, Մասիսից Երեւան եկեղ մայրուղում երեկ առավոտից մի խումբ ոստիկաններ են շարված եղել, որոնք մարդկանց արգելել են մայրաքաղաք գալ: Նրանք մեկ առ մեկ ստուգել են տաքսիները եւ կասկածներ ունենալու դեպքում, որ հնարավոր է այդ ուղեւորները հանրահավաքին մասնակցելու նպատակով են Երեւան մեկնում, նրանց իջեցրել են ու ճանապարհից հետ ուղարկել:
Մայրաքաղաքից նույնպես ուղեւորները հնարավորություն չեն ունեցել մարզեր մեկնելու:
Մարզերից մայրաքաղաք եւ մայրաքաղաքից դեպի մարզեր սպասարկող տրանսպորտի անխափան աշխատանքի համար պատասխանատուն տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Ամեն անգամ, երբ նախարարությանը փոխանցում ենք բազմաթիվ բնակիչների դժգոհությունները՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարման մասին, նախարարության պատասխանատուները ասում են՝ «կուսումնասիրենք՝ կպարզենք»: Սակայն ամեն անգամ, որպես կանոն, նախարարությունից հայտնում են, որ ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ ոչ մի ուղեգծի չվացուցակում խախտում չեն հայտնաբերել, ինչը կնշանակի, որ միկրոավտոբուսները նորմալ սպասարկել են, իսկ ուղեւորների բողոքներն էլ՝ անհիմն են: Երեկ էլ վերոնշյալ բողոքները փոխանցեցինք տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությանը: