Ըստ մասնագետների, երեխայի ճիշտ դաստիարակության համար կարեւոր է նրանց լավ խնամել, ընտանեկան ջերմություն տալ ու նրանց համար հավասարակշռված ծնողներ լինել:
«Մեր կենտրոնում կա երեխա, որը ծնված օրվանից տրվել է ուրիշ ընտանիքի, քանի որ նրա մայրը մարմնավաճառությամբ է գումար աշխատել: Հետո ստացվել է այնպես, որ այդ երեխային տվել են մեկ այլ ընտանիքի, որտեղ երեխա չեն ունեցել, սակայն սոցիալական դժվարությունների պատճառով այդ երեխան 9 տարեկանից սկսել է տարբեր ճանապարհներով գումար աշխատել, այդ թվում՝ սեռական, որպեսզի ընտանիքը պահի: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, որ այդ երեխան բազմաթիվ խնդիրներ ունի՝ ընկճված է եւ չի կարողանում ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում»,- երեկ երեխաների պաշտպանության օրվա առիթով «Առավոտի» հետ իր զրույցն այսպես սկսեց «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը: Նրա ներկայացմամբ, մեր երկրում հիմնականում կոծկում են երեխաների իրավունքների խախտումները, ուշադրություն չեն դարձնում դրանց, իսկ երեխային ճիշտ դաստիարակելու համար շատ կարեւոր է ծնողների հավասարակշռված լինելը, երեխաներին ջերմությամբ վերաբերվելը եւ լավ խնամելը. «Եթե ծնողներն իրար մեջ կոնֆլիկտ են ունենում, դա անպայման ազդում է երեխաների հոգեբանության վրա: Ծնողները տարվում են իրենց պրոբլեմներով, իրենց խնդիրներն են կարգավորում, եւ երեխաներն անըդնդհատ մնում են առանց խնամքի, նորմալ ջերմության, նրանց հետեւելը ծնողների համար մղվում է հետին պլան: Դա երեխաների իրավունքների ուղղակի խախտում է»: Երեխաների համար ծեծը, որպես դաստիարակչական միջոց, ընտրելու առնչությամբ էլ Մ. Անտոնյանն ասաց. «Մինչեւ այդ քայլին դիմելը, պետք է մտածել, որ նրան վնաս կարող եք պատճառել: Եթե երեխային անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում, նա դառնում է ինքնամփոփ, անպաշտպան»: Մ. Անտոնյանի տվյալներով, հարեւանների կողմից էլ են երեխաների իրավունքները խախտվում. «Դա հիմնականում լինում է աղքատ ընտանիքների երեխաների նկատմամբ: Նրանց հանդեպ հոգեբանական ճնշումներ են գործադրում սոցիալապես ավելի լավ վիճակում գտնվող հարեւանները՝ ասելով, որ այդ երեխան չշփվի իրենց երեխաների հետ ու ձեռք չտա նրանց»: Խոսելով ուսուցիչների կողմից երեխաների իրավունքների խախտման մասին՝ նա ասաց. «Ուսուցիչները չեն սիրում աղմկոտ երեխաներին: Նրանց մեթոդները աղքատիկ են երեխաների հետ աշխատելու առումով, քանի որ միայն դաս են սովորեցնում, ով սովորում է՝ սովորում է, իսկ ով չէ, նրանք ջանք չեն թափում երեխային աշխատեցնելու, սովորեցնելու համար: Շատ քիչ են այն ուսուցիչները, որոնք երեխաներին որպես մարդու են վերաբերվում: Լինում են դեպքեր, երբ երեխան իր վարքով ակտիվ է, բարդություններ է ստեղծում, նրան արգելում են դասերին մասնակցել: Սակայն դասերին չմասնակցելով երեխան ավելի մեծ խնդիրներ է ստեղծում, քանի որ ներքաշվում է ավելի վտանգավոր իրավիճակների մեջ»:
Մենք հետաքրքրվեցինք, թե կազմակերպությունը երեխաներին որքան ժամանակ է իրենց մոտ պահում: «Երեխաների աջակցման կենտրոնի» ղեկավարի ներկայացմամբ. «Երեխաներն այստեղ մնում են այնքան ժամանակ, մինչեւ իրենց իրավիճակը կայունանա այդ ժամանակահատվածը տարբեր երեխաների մոտ տարբեր է, երբեմն դա կարող է տեւել մեկ շաբաթ, երբեմն տեւում է 3-6 ամիս, անգամ 1 տարի: Նրանց հետ աշխատում են մեր հոգեբանը, սոցիալական աշխատողը»: Մեր այն հարցին էլ, թե որ տարիքի երեխաների հետ է կազմակերպությունն աշխատում, նա պատասխանեց. «3-17 տարեկան երեխաներ են մեզ մոտ լինում, բայց եթե նույն ընտանիքի 6 երեխայի հետ ենք աշխատում եւ նրանցից մեկը 2 տարեկան է, մենք չենք կարող բաժանել նրան ու աշխատել 5-ի հետ»: Հարցին էլ, թե պրոբլեմներ ավելի շատ ունենում են տղանե՞րը, թե՞ աղջիկները, տիկին Անտոնյանն ասաց. «Հիմնականում լինում են աղջիկների մոտ, քանի որ տանից ավելի հաճախ փախնում են հենց նրանք»:
Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե նախկինում աջակցություն ստացած երեխաների մոտ նույն պրոբլեմները չե՞ն կրկնվում: Նրա խոսքերով. «Եթե պայմանավորվածություններ են փոխվում, ասենք՝ տատիկը պատասխանատվություն է վերցրել իր վրա, որ երեխային կպահի, եւ որոշ ժամանակ անց չի կարողանում դա անել, կամ քեռին սկզբում ոգեւորված ասում է՝ իմ քրոջ երեխան է, ես կպահեմ, սակայն էլի չի կարողանում, երեխաները վերադառնում են մեզ մոտ: Իսկ երեխաներն ընդհանրապես մեզ հետ կապ պահում են»:
Երեխաների պրոբլեմատիկ դեպքերից խուսափելու համար տիկին Անտոնյանը խորհուրդ տվեց դրանք չկոծկել եւ դրանց մասին տեղյակ պահել՝ զանգահարելով իրենց թեժ գիծ՝ 0 800 61 111 հեռախոսահամարով: Իրադարձությունների մասին կազմակերպությանը, բացի թեժ գծից, տեղեկացնում են նաեւ խնամակալության հանձնաժողովները, նախարարությունները, ոստիկանությունը, ուղղակի անցորդներ եւ դեպքի ականատեսներ: Անցած տարի կենտրոնը սպասարկել է 800 երեխայի՝ Երեւանից, մարզերից, մերձավոր սփյուռքից եւ Ջավախքից: