Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամանդագործներն աջակցության կարիք ունեն

Հունիս 02,2009 00:00

\"\"Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել առանց այն էլ «հազիվ շունչ» քաշող ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտի վրա: Այս տարվա առաջին եռամսյակում ադամանդի արտադրությունը, նախորդ տարվա համեմատությամբ՝ նվազել է մոտ 50%-ով, այսինքն՝ մինչեւ 1,8 մլրդ դրամով: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Նրա վստահեցմամբ՝ երեսակման ոլորտում սպասվում է աշխատատեղերի եւ աշխատավարձերի կրճատում:

Ոլորտը ծաղկեցնելու համար որոշվել է ալմաստի հումք գնելու նպատակով Ռուսաստանից $100 միլիոնի նպատակային վարկ ստանալ: Ներկայումս Հայաստանը բանակցություններ է վարում «ԱԼՌՈՍԱ» ալմաստ արդյունահանող ընկերության հետ՝ հումքի ձեռքբերման համար: Նշենք, որ Հայաստանը նույն ընկերությունից նախորդ տարի էլ ներմուծել է 5 հազար կարատ բնական չմշակված ալմաստ, որը տրամադրվել է հայկական 5 ձեռնարկությունների:

Այն, որ պետությունը որոշել է այս կերպ աջակցել ոլորտին, նախարարության պաշտոնյան ողջունում է, սակայն ոլորտի որոշ մասնագետներ գտնում են, որ ճգնաժամի պայմաններում պետական միջամտությունն անտեղի է: Թանկարժեք քարերի գիտաուսումնական լաբորատորիայի տնօրեն Արթուր Զանգինյանն «Առավոտի» հետ զրույցում (09.05.2009) նշել էր, որ պետք է շուկան ազատ թողնել, «եւ ինչ ծավալի արտադրանքի պահանջ կա, այդ ծավալի էլ աշխատել, այլ ոչ թե գործարարին պարտքի տակ գցել»: Ա. Զանգինյանը նշել էր նաեւ, որ «հումքը տալիս են ձեռնարկություններին, վերջիններս մշակում են, սակայն ճգնաժամի պայմաններում արտադրանքը չի վաճառվում, հետեւապես ոլորտում նման միջամտությունը տեղին չէ»: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ պարոն Քոչարյանն ասաց. «Ես գտնում եմ, որ դա շատ սխալ կարծիք է, ես իրեն էլ անձամբ կասեմ: Մենք առաջարկում ենք մեր ֆինանսական աջակցությունը, ով կուզի՝ խնդրեմ, ով չի ուզի՝ թող դիմի առեւտրային բանկերին: Ամեն դեպքում՝ դա կլինի բավականին լավ պայմաններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել