Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց անձնագրի՝ ոչ մի զեղչի քարտ

Հունիս 02,2009 00:00

Հայաստանյան մի քանի սուպերմարկետներում, մասնավորապես՝ «Երեւան Սիթիում», «Սթարում» եւ «SAS»-ում, 10 հազար դրամ եւ ավելի առեւտուր անելու դեպքում հաճախորդներին տրամադրում են զեղչի քարտ՝ հետագայում խանութից որոշակի զեղչով գնումներ կատարելու համար:

Զեղչի քարտերը տրամադրելու համար այս սուպերմարկետներում հաճախորդից պահանջում են անձնագիր եւ սոցիալական քարտ, ինչն էլ քաղաքացիների դժգոհության առիթ է դարձել, քանի որ, նրանց խոսքերով, «ընդամենը մի քանի տոկոս զեղչի համար մեր անձնական տվյալները պահանջելու կարիք չկա, դա գաղտնի ինֆորմացիա է եւ ոչ մի երաշխիք չկա, որ դրանք չեն կարող օգտագործվել այլ նպատակներով»:

Թե ինչու են զեղչի քարտ տրամադրելու համար պահանջում սպառողի անձնական տվյալները, «Առավոտը» փորձեց ճշտել վերոնշյալ սուպերմարկետներից: «Երեւան Սիթիի» տնօրեն Վահրամ Կիրակոսյանի ներկայացմամբ. «Մեզ անձնագիրը անհրաժեշտ է նախ քաղաքացիների անուն- ազգանունները ճիշտ գրելու համար, բացի այդ, դրանք կուտակային քարտեր են, որոնք համակարգիչ մտցելուց հետո ցույց է տալիս հաճախորդի արած ամբողջ առեւտուրը: Հետագայում մենք թողարկելու ենք ոսկե, արծաթե քարտեր, որոնց դեպքում հաշվի ենք առնելու, թե որքան առեւտուր են արել հաճախորդները: Նույն անուն- ազգանունը ունեցող մարդկանց տարբերելու համար նայում ենք նրանց անձնագրի թվերը: Մենք նաեւ խաղարկություն ենք կազմակերպել, նույն անուն- ազգանունն ունեցող 3 անձ էր եկել փոշեկուլի ետեւից, սակայն անձնագրի տվյալները նայելուց հետո պարզեցինք, թե որ հաճախորդն էր շահել»: Իսկ «SAS» սուպերմարկետների ցանցի մամուլի քարտուղար Դավիթ Դոլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց զեղչի քարտերը ստանալու համար հաճախորդները պարտավոր չեն անձնագիրն իրենց հանձնել, բավական է նաեւ անձը հաստատող փաստաթուղթը. «Որպեսզի մենք իմանանք, որ այդպիսի մարդ գոյություն ունի»: «Սթարից» էլ տեղեկացրին, որ իրենք արդեն հրաժարվում են զեղչի քարտերը անձնագրով տրամադրելու պրակտիկայից. «Հիմա մենք շրջանառությունից հանում ենք նախկինում անձնագրով տրամադրված զեղչի քարտերը, հները փոխելու ենք նորերով, իսկ նոր քարտերը տրվելու են առանց անձնական տվյալների»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել