Մայրաքաղաքի որոշ սուպերմարկետներում մի քանի հազար դրամի գնումներ կատարելու դեպքում՝ ՀԴՄ կտրոնի վրա ընդամենը մի քանի դրամի առեւտուր է ֆիքսվում:
Խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ բերելու համար կառավարությունը ինչ մեթոդների ասես, որ չդիմեց: Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ծպտված մտնում էին սուպերմարկետներ, մի քանի հարյուր դրամի առեւտուր անում, հետո էլ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար խանութի տիրոջը խոշոր տուգանքի ենթարկում: Բացի այդ, հարկային տեսուչները, անբարեխիղճ հարկատուներին դաս տալու համար, պարբերաբար լայնածավալ ստուգումներ էին իրականացնում, ակտեր կազմում եւ ժամանակավորապես դադարեցնում առեւտրի կետի գործունեությունը: Չբավարարվելով այդքանով, Պետեկամուտների կոմիտեն պարբերաբար, գովազդների միջոցով սպառողներին հորդորում էր, որ առեւտուր անելիս պահանջեն ՀԴՄ կտրոնը, որը, որպես լոտո՝ ամիսը մեկ խաղարկվում է: Բայց քանի որ այդ հորդորը շատ քչերին էր հետաքրքրում, այս անգամ էլ հարկահավաքները որոշեցին սպառողներին շահագրգռել եւ վիճակախաղի ժամանակ չշահած տոմսերով, որոշակի գումար հավաքելու դեպքում, նրանց մի քանի հազար դրամ բոնուս տրամադրել:
Այսքանով հանդերձ, մեր հայրենի տնտեսվարողները, այնուամենայնիվ, գտան օրենքը շրջանցելու եւ հարկերից խուսափելու տարբերակը: Թեեւ մայրաքաղաքի մի շարք խանութներում պարտաճանաչորեն կտրոններ են տրամադրվում, սակայն շատ դեպքերում դրանց վրա չի ֆիքսվում գնումների ամբողջ ծավալը:
Այս պրակտիկան կիրառվում է հանրապետության գրեթե բոլոր առեւտրի կետերում: Սակայն օրերս «Առավոտին» դիմած մի քաղաքացու բողոքը մասնավորապես վերաբերում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության «Երեւան Սիթի» խանութների ցանցին: Քաղաքացի Անահիտ Ավագյանը 2300 դրամի առեւտուր էր կատարել Կոմիտասի փողոցի «Երեւան Սիթի» սուպերմարկետից, սակայն նրան տրամադրած ՀԴՄ կտրոնի վրա վաճառողուհին տպել էր ընդամենը 11 դրամ: Տիկնոջ խոսքերով, եթե ամբողջ սուպերմարկետը տակնուվրա անես, հաստատ 11 դրամանոց ապրանք չես գտնի. «Դե, պատկերացրեք, որ նրանք օրական հարյուրավոր մարդկանց նման կերպ խաբում են»:
Թե ինչ մեխանիզմներով է Պետեկամուտների կոմիտեն վերահսկում, որպեսզի տնտեսվարողները առեւտրի ամբողջ ծավալը ցույց տան եւ չխաբեն պետությանն ու սպառողներին, կոմիտեի լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ «այդ հարցը շատ խիստ վերահսկվում է կոմիտեի կողմից, պարբերաբար կատարվում են հսկիչ գնումներ, բացի այդ, կիրառվում են նաեւ այլ մեխանիզմեր»: Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից «Առավոտին» նաեւ տեղեկացրին, որ նման դեպքերում քաղաքացիները կարող են պաշտպանել իրենց իրավունքները՝ զանգելով «թեժ գծին»՝ 59-46-18 հեռախոսահամարով:
Նշենք նաեւ, որ ՀԴՄ կանոնների խախտում թույլ տալու դեպքում՝ ԱԱՀ չվճարող տնտեսվարողները առաջին անգամ տուգանվում են 75 հազար, 2-րդ անգամ՝ 150 հազար դրամ, բացի այդ, 5 օրով կասեցվում է խանութի գործունեությունը, իսկ 3-րդ անգամ՝ 300 հազար դրամ եւ խանութի գործունեության կասեցում՝ 10 օրով:
ԱԱՀ վճարողների պարագայում տուգանքներն ավելի խիստ են. առաջին անգամ խախտում թույլ տալու դեպքում՝ 150 հազար դրամ, 2-րդ անգամ՝ 300 հազար դրամ եւ խանութի գործունեության դադարեցում՝ 5 օրով, իսկ 3-րդ անգամ՝ 600 հազար դրամ տուգանք եւ գործունեության կասեցում՝ 10 օրով:
Ընդ որում, տուգանքը կիրառվում է ոչ միայն ՀԴՄ կտրոնի վրա առեւտրի ծավալից քիչ, այլ նաեւ ավելի գումար ֆիքսելու դեպքում:
Նշենք, որ խիստ բարդացված է նաեւ բոնուսների տրամադրման կարգը: 50-ից մինչեւ առավելագույնը հազար չշահած կտրոն հավաքելու դեպքում, դրանցում արտացոլված գնումների հանրագումարի չափին համապատասխան, քաղաքացիները կարող են մեկ եռամսյակի ընթացքում ստանալ բոնուս՝ 2500-ից մինչեւ 200 հազար դրամի չափով: Եթե անգամ որեւէ սպառողի հաջողվի հավաքել պահանջված չափով կտրոններ, դա դեռեւս չի նշանակում, որ նա կարող է հեշտ ու հանգիստ ստանալ իր հասանելիք բոնուսը: Քաղաքացին պետք է կտրոնները ներկայացնի իր հաշվառման վայրի հարկային տեսչություն, որտեղ մի քանի օր կտրոնների իսկությունը ստուգելուց հետո, քաղաքացիներին պետք է տրամադրվի միջնորդագիր, որի հիման վրա էլ նրանք նշված բանկից կարող են ստանալ հասանելիք գումարը: Այսինքն, եթե քաղաքացին բնակվում է, ասենք, Երեւանում, սակայն հաշվառված է որեւէ մարզում, ապա ընդամենը 2500 դրամ պարգեւավճար ստանալու համար պետք է կրկնակի գումար ծախսի, իր բնակավայրը մեկնի եւ առնվազն 1 շաբաթ սպասի, մինչ հարկայինում կհասցնեն ստուգել կտրոններն ու գումարը ստանալու համար բանկի միջնորդագիր տրամադրել: