Լրահոս
Օրվա լրահոսը

Ճաշակին ընկեր չկա

Հունիս 02,2009 00:00

Եվրոպայի խորհուրդը գոհ է Երեւանի ավագանու ընտրություններից, իսկ մեր իրավապաշտպանները՝ դժգոհ:

Ընտրությունը եղել է բավարար, դրական. սա Եվրոպայի խորհրդի ՏԻՄ ընտրությունները դիտարկող Կոնգրեսի դիտորդական առաքելության գնահատականն է նախորդ օրը կայացած Երեւանի ավագանու ընտրություններին: ԵԽ դիտորդները մեր ընտրությունները դիտարկել են մոտ մեկուկես տասնյակ դիտորդներով, նրանց նախնական եզրակացությունը, որը հրապարակեց ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար բրիտանացի Նայջլ Մերնեգոնը՝ այսպիսին է. «Կոնգրեսի պատվիրակությունը ողջունում է, իր գոհունակությունն է հայտնում այս ընտրություններից, որ Հայաստանը իր սեփական միջոցներով նպաստեց տեղական ժողովրդավարության ներդրմանը: Ընդհանուր կազմակերպվածությունն ընտրությունների կատարվեց եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս մասով դիտորդական առաքելությունը նշեց զգալի առաջընթաց՝ համեմատած տեղական ընտրությունների հետ, որոնք տեղի ունեցան Երեւանում՝ սեպտեմբերին, 2008 թվականին: Չնայած Կոնգրեսի պատվիրակությունը նշեց, որ քաղաքական դերակատարները Հայաստանում պետք է փոխեն իրենց վերաբերմունքը եւ վարքը, որպեսզի գործնական ընթացքը ընտրությունների, ինչպես նաեւ ժողովրդավարական մշակույթը երկրի ավելի կարողանան բարելավել առաջիկայում: Ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել միայն ընտրական գործընթացով, այն շրջանակներով: Պետք է նաեւ լինի մշակույթ, որը վերաբերում է ընտրություններին, եւ դրա ընթացակարգը: Ընտրությունները պետք է լինեն պարզ, մաքուր եւ թափանցիկ, նույնիսկ ընտրական տեղամասից դուրս»: Եվրոպացի դիտորդները եղել են ավելի քան 230 տեղամասերում, այնտեղ անցկացրել 5 րոպեից մինչեւ 2 ժամ ժամանակ: ԵԽ դիտորդական առաքելության ղեկավարն ասում է նաեւ, որ իրենք մի քանի անգամ եղել են «թեժ վայրերում», ականատես են եղել խախտումների, որոնք կարձանագրվեն վերջնական եզրակացության մեջ: Այն պատրաստելու են մինչեւ հոկտեմբեր եւ այդ ամսի կեսին ներկայացնելու են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի դատին. «Մենք դեռ ավելի մանրամասն պետք է արձանագրություն ունենանք, որի մեջ մենք դեռ մանրամասնությունները կներկայացնենք: Շատ ասպեկտներ կային, որոնք այդքան էլ բավարար չէին, բայց ընդհանուր առմամբ մենք համարում ենք, որ ընտրությունները դրական էին»,- ասաց Նայջլ Մերնեգոնը: Առկա բացթողումները, ըստ բանախոսի, կարող էին ազդել ընտրության արդյունքի, բայց ոչ՝ օրինականության վրա:

«Ընտրությունները պարզապես խայտառակություն էին»,- իր դիտարկումների արդյունքում երեկ կարծիք հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա հավաստմամբ, ընտրակաշառքի նոր ձեւ է ի հայտ եկել՝ սեռական հաճույքի տեսքով. «Մեր դիտորդներին ընտրատեղամասերում ասել են, թե պետք չէ ամեն ինչ նկատել, հետո էլ փորձել են կաշառել՝ հաց ուտելուց մինչեւ աղջիկների տրամադրում»։ Իսկ «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանը կարծում է, որ ընտրական հանձնաժողովները ստեղծված էին ընտրությունները կեղծելու համար: «Վստահված անձինք, դիտորդները, հանձնաժողովի անդամները աշխատում էին որպես մեկ թիմ՝ փորձելով ուղղորդել ընտրողներին: Այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ մարդիկ վախենում էին բողոքել, որ իրենց փոխարեն ընտրել են»,- ասում է Ա. Սաքունցը ու կարծիք հայտնում, որ եթե հանդուրժենք սա, պետք է հրաժարվենք ապրել Հայաստանում: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների եզրակացությանը, թե իբր ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին, Սաքունցը կարծում է, որ նրանք կամ կաշառվել են, կամ էլ Հայաստանը համարում են Ռուսաստանի գաղութը:

Նա դատախազությանն առաջարկում է հանել գրանցամատյանները եւ ստուգել, թե արդյոք առկա ստորագրությունները համապատասխանո՞ւմ են ընտրողների ստորագրություններին, մասնավորապես՝ 8/25 եւ 8/26 տեղամասերում: Ամալյա Կոստանյանը նույնպես պահանջում է 8-րդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել: Կոստանյանը պատմում է, որ մոտենում էին իրենց դիտորդներին, ասում՝ «բա դու հայ չե՞ս», այսինքն՝ «հայը նրանց մոտ ասոցացվում է անբարոյականության հետ»,- եզրակացնում է տիկինը: Ամալյա Կոստանյանն այս իրավիճակից միակ ելքն այսպես է տեսնում՝ չհանդուրժել ու ապստամբել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել